«Մաչադոն հիանալի կին է և հրաշալի ժեստ արեց՝ ինձ հանձնելով Խաղաղության Նոբելյան մրցանակը». Թրամփը՝ Վենեսուելայի առաջնորդի մասին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը, որի մրցանակակիրն է նա դարձել 2025 թվականին։


«Ես Միացյալ Նահանգների նախագահին եմ հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը»,- հանդիպումից հետո ասել է նա լրագրողներին, փոխանցում է CNN-ը։


Թրամփի հետ հանդիպումը նա անվանել է «պատմական» և «անհավատալի»։


Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Մաչադոն «հիանալի կին է, որը շատ բաների միջով է անցել»։


«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա հիանալի կին է, որը շատ բաների միջով է անցել։ Մարիան ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակը իմ աշխատանքի համար։ Դա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ էր։ Շնորհակալություն, Մարիա»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։