Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության
աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին
տեղակալ Արշակ Կարապետյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ
Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ
ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում
ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ
գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս
ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում, կառավարությունը, քաղաքական թիմը
համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է
դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է
ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին
հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու
կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած
բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ
Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում:
Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝
միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել
է Արայիկ Հարությունյանը:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ
բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի
հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու »,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել
Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի
պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն: