Ինչո՞ւ Թրամփը հրաժարվեց Իրանին հարվածելուց. նախագահը բացահայտել է իր որոշման պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հրաժարվել Իրանին հարված հասցնելու մտադրությունից։


«Ոչ ոք ինձ չէր համոզում։ Ես ինքս ինձ համոզել եմ»,- լրագրողների հետ շփման ընթացքում ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արաբական պետությունների կամ Իսրայելի իշխանությունները փորձել են ազդել իր որոշման վրա։


Նրա խոսքով՝ որոշման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են կախաղանով մահապատժի ենթարկելու ավելի քան 800 դատավճիռ, որոնք նախատեսում էին իրականացնել հունվարի 15-ին։  


Միևնույն ժամանակ, AFP-ն հունվարի 15-ին հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Օմանի իշխանությունները փորձել են համոզել ԱՄՆ նախագահին հրաժարվել Իրանին հարվածելուց։  


AFP-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացուցիչները ևս նշել են, որ Թրամփը Թեհրանին տեղեկացրել է, թե ԱՄՆ-ն չի հարձակվի երկրի վրա։


ԱՄՆ նախագահը Իրանում ընթացող բողոքի լայնամասշտաբ ցույցերի ֆոնին ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները օգնության կհասնի, եթե Իրանի իշխանությունները բռնություն կիրառեն և սպանեն ցուցարարներին։ Իրանի իշխանությունները դա որակել էին միջամտություն իրենց ներքին գործերին և հայտարարել էին, որ պատրաստ են պաշտպանել երկիրը հնարավոր հարձակումներից։ Դրանից հետո միջազգային մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե Դոնալդ Թրամփը Իրանին հարվածներ հասցնելու որոշում է ընդունել։