Հունվարի 19-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցում բախվել են Toyota և Lada մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։