Թրամփը սկսում է ամերիկյան ուժերի աստիճանական դուրսբերումը ՆԱՏՕ-ի կառույցներից. The Washington Post

Պենտագոնի ղեկավարությունը ծրագրում է նվազեցնել ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շուրջ 30 մեխանիզմներում։ Ինչպես հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական քայլն է՝ ուղղված Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատմանը։


Գործընթացը կառնչվի մոտ 200 զինծառայողի։ Կթուլանա ԱՄՆ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գրեթե 30 կազմակերպություններում, ներառյալ «Գերազանցության կենտրոնները» (Centers of Excellence), որոնք զբաղվում են դաշինքի ուժերի պատրաստմամբ մարտական գործողությունների տարբեր ոլորտներում։


Պենտագոնը նախատեսում է պարզապես նոր աշխատակիցներ չուղարկել նրանց փոխարեն, ում լիազորությունների ժամկետն աստիճանաբար կավարտվի։ Այսպիսով, գործընթացը կարող է տևել տարիներ։


Ըստ պարբերականի աղբյուրների՝ խոսքը վերաբերում է հետևյալ հարցերով զբաղվող խորհրդատվական խմբերում ամերիկյան մասնակցության կրճատմանը.


  1. Էներգետիկ անվտանգություն,

  2. Ծովային մարտական գործողություններ,

  3. Հատուկ գործողություններ և հետախուզություն։


Զրուցակիցները հավելել են, որ այս քայլը քննարկվում է արդեն մի քանի ամիս և կապված չէ Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի ու Դանիայի (ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների) միջև սրված հակասությունների հետ։