ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը, ըստ տեղեկությունների, շարունակում են դիտարկել Գրենլանդիան ռազմական ճանապարհով զավթելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ դեկտեմբերին կղզու մայրաքաղաք Նուուկում ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հանդիպումն անցել էր դրական մթնոլորտում, և աղբյուրներն ընդգծել էին, որ բանակցությունների ընթացքում Գրենլանդիայի ֆինանսական կամ ռազմական անեքսիայի (բռնակցման) հարց չի բարձրացվել։ Սակայն Վաշինգտոնի հռետորաբանությունը փոխվել է դրանից ընդամենը երկու շաբաթ անց։
Դեկտեմբերի 21-ին Թրամփը Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակեց Ջեֆ Լենդրիին, ով սոցիալական հարթակներում գրել էր, թե կղզին կդարձնի ԱՄՆ-ի մաս։
Ամերիկացի առաջնորդը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հարցազրույցներում և սոցցանցերում խոսել են Գրենլանդիան զավթելու նպատակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության մասին։ Reuters-ն ընդգծում է, որ նախկինում Վաշինգտոնը երբեք նման ծրագրեր լրջորեն չէր դիտարկել։
Միևնույն ժամանակ, հունվարի 21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի ուրվագծերն արդեն երևում են։