ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Գրենլանդիան ուժով զավթելու մտադրությունից՝ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ (պաշտոնանկություն) հայտարարելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ լարվածությունը Գրենլանդիայի շուրջ սրվել էր հունվարի 5-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի՝ CNN-ին տված հարցազրույցից հետո։ Կղզին ուժով զավթելու հնարավորության մասին ուղիղ հարցին Միլլերը հստակ պատասխան չէր տվել, ինչից հետո Թրամփը և նրա վարչակազմի անդամներն ավելի հաճախ էին սկսել խոսել ուժի կիրառման մասին։
ԱՄՆ երկու կուսակցությունների (հանրապետականների և դեմոկրատների) ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ Թրամփը կարող է առանց Կոնգրեսի համաձայնության Գրենլանդիայում իրականացնել Վենեսուելայի օրինակով ռազմական գործողություն։
Ըստ Reuters-ի՝ նույնիսկ նախագահի կուսակիցները զգուշացրել են Սպիտակ տանը, որ Գրենլանդիա ռազմական ներխուժման դեպքում կարող են սկսել իմպիչմենտի գործընթաց։
Թրամփը պնդում էր, որ կղզին անհրաժեշտ է ԱՄՆ-ին, այլապես այն կհայտնվի Ռուսաստանի կամ Չինաստանի վերահսկողության տակ։