Պենտագոնի ղեկավարը կբացակայի ՆԱՏՕ-ի հանդիպումից և կուղարկի իր տեղակալին. Politico

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի մասնակցի հաջորդ ամիս կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Սա կարող է ուժեղացնել դաշնակիցների անհանգստությունը Վաշինգտոնի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հավատարմության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն։


Փետրվարի 12-ին ՆԱՏՕ-ի 32 երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն առաջին անգամ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը, Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, դաշինքը կանգնեցրեց փլուզման եզրին։


Հեգսեթի փոխարեն հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի պաշտպանական քաղաքականության հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին։


Նա հայտնի է որպես ԱՄՆ-ի «իզոլյացիոնիստական» (մեկուսացման) արտաքին քաղաքականության կողմնակից և Վաշինգտոնի նոր պաշտպանական ռազմավարության հեղինակներից մեկը։ Այս ռազմավարությունը նվազեցնում է Եվրոպայի առաջնահերթությունը՝ հօգուտ սեփական տարածքի պաշտպանության և Չինաստանի հետ դիմակայության։


Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները բաց են թողնում ՆԱՏՕ-ի նիստերը. Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես տեղակալին էր ուղարկել ԱԳ նախարարների հանդիպմանը։


Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Քոլբիի ներկայությունը կարող է նույնիսկ օգտակար լինել, քանի որ հենց նա է պատասխանատու Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ծրագրերի համար և կարող է հստակ պարզաբանել նոր ռազմավարությունը։


Հունվարի 28-ին Կոնգրեսում ունեցած ելույթում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն վերաիմաստավորման կարիք ունի», թեև շտապել էր հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվում դաշինքից։