ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է Մոսկվայի հետ շփման եզրեր փնտրել՝ չնայած ուկրաինական հակամարտության շուրջ առկա հիմնարար տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում։
«Մենք աշխատելու ենք դրան (ուկրաինական հակամարտությանը - խմբ.) վերջ դնելու ուղղությամբ, սակայն կարող են լինել նաև համագործակցության որոշակի ոլորտներ։ Նրա [Թրամփի] դիրքորոշումն այսպիսին է՝ մենք կարող ենք շատ հարցերում համաձայն չլինել Ռուսաստանի հետ, բայց ինչ-որ հարցերում համամիտ ենք, և ես դա իրոք համարում եմ հիմնարար վերակողմնորոշում», — հայտարարել է Վենսը։
Նա ընդգծել է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը հիմնված է պրագմատիկ շահերի, այլ ոչ թե երկրներին պարզապես «բարեկամների և թշնամիների» բաժանելու սկզբունքի վրա։ Փոխնախագահի խոսքով՝ Սպիտակ տան նոր մոտեցումը ենթադրում է փոխգործակցության հնարավորություն նույնիսկ ընդդիմադիր կողմերի հետ այն հարցերում, որտեղ կողմերի շահերը համընկնում են։
Վենսը նշել է, որ սա էականորեն տարբերում է ներկայիս կուրսը նախորդ վարչակազմերի քաղաքականությունից, որոնք Ուկրաինայի հակամարտության պատճառով հրաժարվում էին Ռուսաստանի հետ որևէ երկխոսությունից։