ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի ներկրմանը ներգրավված անձանց նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն օտարերկրյա քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ռուսական նավթի և նավթամթերքի ներկրման գործարքներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


Փաստաթուղթը, որը մշակվել է ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ստացել է DROP Act անվանումը։ Օրենքի նպատակն է կասեցնել ռուսական նավթի վերավաճառքով զբաղվող օտարերկրյա ընկերությունների գործողությունները։ Հեղինակների մտահղացմամբ՝ ռուսական նավթի և նավթամթերքի ձեռքբերմանը, ներկրմանը կամ տեղափոխմանը մասնակցող ցանկացած օտարերկրյա անձի կամ կազմակերպության նկատմամբ կկիրառվեն հասցեական պատժամիջոցներ։


Օրինագծի նախաձեռնողներից մեկի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլի խոսքով՝ այս նախագիծը կընդլայնի ԱՄՆ-ի՝ ճնշում գործադրելու հնարավորությունները։


«Պատժամիջոցներն աշխատում են միայն այն դեպքում, եթե դրանք պահպանվում են։ Վարչակազմին լիազորություններ տալով հետապնդել նրանց, ովքեր նպաստում են ռուսական նավթի առևտրին, մենք կարող ենք ամրապնդել գոյություն ունեցող պատժամիջոցային ռեժիմը», — ընդգծել է Նյու Յորք նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ և օրինագծի համահեղինակ Մայք Լոուլերը։


Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների մասին օրինագծին։