Զատուլինի «կացնային խոսքը» ուղիղ հարձակում է ՀՀ-ի դեմ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները տրամաբանական շարունակությունն են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործընթացի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Արձագանքելով ընդդիմադիր շրջանակների կողմից տարածվող մանիպուլյացիաներին, թե՝ Վենսը իր ելույթում չի գործածել «ներդրում» բառը, պատգամավորը պարզաբանեց՝ ընդդիմությունը կառչել է այդ տերմինից, քանի որ այլ տարբերակ չունի։ Իրականում, սակայն,  ԱՄՆ փոխնախագահը գործածել է այդ բառը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի դրա տակ. մասնավորապես՝ թե՛ ուղիղ, այսպես ասած փողային՝ գումարի տեսքով ներդրման մասին է խոսքը, թե՛ տեխնոլոգիական հասանելիության  տեսքով։ «Մասնավորապես միջուկային էներգիայի մասին պարոն Վենսը հայտարարեց, որ դա շատ զգայուն թեմա է, և իրենք ամեն պետության չէ, որ այդ տեխնոլոգիան տրամադրում են։ Բայց Հայաստանին, հաշվի առնելով մեր նկատմամբ վստահության մակարդակը, իրենք պատրաստ են տրամադրել։ Մնացածը արդեն քննարկման հարց է։ Արդեն պարզ է՝ եթե դու ուզում ես տեխնոլոգիան ձեռք բերել, կամ եթե ուզում ես, որ այն ամբողջությամբ քեզ պատկանի, պետք  է դու վճարես դրա համար։ Եթե համատեղ ձեռնարկություն է հիմնվում, կարող եք համատեղ վճարել, գրանտային միջոցներ ներգրավել՝ աշխարհում այժմ միջուկային էներգետիկան խրախուսող բազմաթիվ ծրագրեր կան։ Այստեղ մեխը այն է, որ ԱՄՆ փոխնախագահը ասել է, որ այդ տեխնոլոգիան ձեզ հասանելի է՝ կլինի մեկ միլիարդ, թե 5 միլիարդ դոլարի, մեծը կարող եք վերցնել, համատեղ կարող ենք իրականացնել ծրագիրը, այլ ներդրողներ կարող են գալ, կառուցել, բայց այդ դեպքում դա կլինի իրենցը և այլն»։


Հարցին՝ ինչի՞ արդյունքում է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին այլևս դիտարկում է որպես վստահելի գործընկեր, արդյոք «ռուսական ուղեծրից դուրս գալու», «ռազմավարական դաշնակցի գլխից թռչելո՞ւ» արդյունքում, ինչպես դա ներկայացնում են իշխանության օպոնենտները, Եղոյանն արձագանքեց. «Պետությունները ուղեծիրներ չեն ունենում, այլ միաժամանակ համագործակցում են բազմաթիվ այլ պետությունների հետ՝ բալանսավորման և բալանսավորված քաղաքականությամբ։ Մենք որևէ մեկի հետ չենք թշնամանում։ Մենք որևէ երրորդ կողմի շահերը ընդդեմ մյուս երրորդ կողմի չենք սպասարկում։ Մենք սպասարկում ենք մեր շահերը։ Աշխարհում երբ տեսնում են, որ դու քո շահերն ես սպասարկում, այլ ոչ ուրիշինը՝ ինչ-որ մեկի դեմ, դրան բոլորը շատ նորմալ են նայում։ Եվ ոչ ոք քեզ չի անվանի օտար ազդեցության գործակալ միջազգային հարաբերություններում»։


Արման Եղոյանի հետ զրուցել ենք նաև ՌԴ Պետդումայի պատգամավորԿոնստանտին Զատուլինի՝ հունիսի 7-ին ՀՀ-ում սպասվելիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայտարարության, թե՝ «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը խայտառակություն է», և այլ հարակից թեմաներից։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։


 Հեղինե Մանուկյան