Թրամփն անձամբ կհաստատի Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի մարտիկների կազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կհաստատի այն մարտիկներին, ովքեր պետք է մասնակցեն Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարին։ Այս մասին հայտարարել է պրոմոուշենի ղեկավար Դեյնա Ուայթը, հայտնում է MMA Fighting-ը։


«Մրցաշարի օրվա մոտենալուն զուգահեռ մենք բազմաթիվ գաղափարներ ենք քննարկում։ Մենք թռչում ենք Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի և նրա թիմի հետ հանդիպելու համար, որպեսզի քննարկենք ոչ միայն կազմակերպչական հարցերը, այլև մենամարտերի մասնակիցների կազմը։ Մենք ունենք միջոցառման կազմակերպման երեք տարբեր տարբերակ և կտեսնենք, թե նրան ինչը դուր կգա, իսկ ինչը՝ ոչ», — հայտարարել է Ուայթը։


Բացի այդ, UFC նախագահն ընդգծել է, որ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարը լինելու է «ցնցող, եզակի, առանձնահատուկ և շատ թանկարժեք»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տանը տեղի կունենա UFC չեմպիոնական տիտղոսի համար մենամարտ։ Միջոցառումը ներառված է America 250 ծրագրում, որը նվիրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրման 250-ամյակին։ Հաղորդվում էր նաև, որ Ֆրանսիան տեղափոխել է G7-ի գագաթնաժողովի անցկացման ժամկետները, որպեսզի այն չհամընկնի հունիսի 14-ին Սպիտակ տանը նախատեսված UFC մրցաշարի հետ։