ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսի երկու պալատների անդամներին՝ ներկայացնելով իրավիճակը երկրում և իր վարչակազմի աշխատանքների ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը։
Երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ուղերձը նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված ամենամյա դիմումն է ԱՄՆ Կոնգրեսին, որի ընթացքում պետության ղեկավարն ամփոփում է նախորդ տարվա արդյունքները, գնահատում է իրավիճակը երկրում և ուրվագծում իր վարչակազմի հիմնական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։
ԱՄՆ նախագահները որոշ ժամանակ գրավոր էին ներկայացնում երկրում իրավիճակի մասին ուղերձը՝ ավելորդ համարելով բանավոր ելույթը Կոնգրեսում, որի երկու պալատների ներկայացուցիչներին անմիջականորեն դիմելու ավանդույթը 1913 թվականին վերականգնել է նախագահ Վուդրո Վիլսոնը։