Վաշինգտոնի արվարձաններում և Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ) գտնվող օդանավակայանները կարող են վերանվանվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը։
Ըստ թերթի տվյալների՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ընտանիքի հետ կապված կառույցները վերջերս ապրանքային նշանների գրանցման հայտեր են ներկայացրել, որոնցով կարող են անվանվել մի քանի ամերիկյան օդանավակայաններ. President Donald J. Trump International Airport, Donald J. Trump International Airport և DJT՝ որպես օդանավակայանի հնարավոր կոդ։
Նշվում է, որ այս անուններից մեկը կարող է շնորհվել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Դալեսի անվան միջազգային օդանավակայանին, ինչպես նաև Փալմ Բիչի օդանավակայանին, որը գտնվում է Սպիտակ տան ղեկավարի Մար-ա-Լագո նստավայրի մոտ։
Պարբերականը միևնույն ժամանակ նկատում է, որ ավանդաբար օդանավակայաններին և այլ օբյեկտներին ամերիկյան առաջնորդների անունները շնորհվում են նրանց նախագահության ավարտից կամ մահից հետո, ինչպես դա եղավ Ջոն Քենեդիի դեպքում (1961-1963 թթ.):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում վերանվանվել էր Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոնը։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ից Վաշինգտոնի գլխավոր թատերահամերգային համալիրը կոչվում է Ջոն Քենեդիի և Դոնալդ Թրամփի անվան կատարողական արվեստի կենտրոն։ Բացի այդ, գործող նախագահի պատվին է անվանվել ԱՄՆ ռազմածովային ուժերի նոր նավերի տիպը։