ԱՄՆ-ում բացահայտել են պատժամիջոցները մեղմելու վերաբերյալ Իրանի առաջարկները. CBS News

Իրանը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում առաջարկել է գործարք՝ ամերիկյան ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել նավթագազային նախագծերում համատեղ ներդրումների հնարավորությունը։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։


Լրագրողների տվյալներով՝ Իրանը մտադիր է հասնել պատժամիջոցների մեղմացմանը։ Այս կապակցությամբ Թեհրանը հայտարարել է Վաշինգտոնի հետ տնտեսական փոխգործակցության պատրաստակամության մասին։ Մասնավորապես, ինչպես հետևում է նյութից, խոսքը գնում է օդանավերի գնման և նավթային ու գազային հանքավայրերի հասանելիության տրամադրման մասին։


CBS-ը նաև գրում է, որ բանակցությունների ընթացքում իրանցի դիվանագետները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին խորհուրդ են տվել առանձնացնել միջուկային ծրագրի քննարկումը այլ հարցերից։ Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ամերիկացի պաշտոնյան պաշտպանել է այդ գաղափարը։