«Թեհրան 43», «Պարոն 420», «Գործակալ
007», «Շրթներկ համար 4», «Գյումրի 2»․․․ Առաջին չորսը ժամանակին մեծ
դիտողականություն ունեցած կատակերգա-մելոդրամատիկ ֆիլմերի անուններ են, իսկ «Գյումրի 2»-ն այն սցենարն
է, որը գործարկելու ու իշխանությունը վերջապես վերցնելու հույսով էլ ռադիկալ ընդդիմությունը մասնակցելու է հունիսի
7-ի ընտրություններին։ «Գյումրի 1» օպերացիային, հիշեցնենք, ընտրողը ականատես
եղավ մեկ տարի առաջ մոտավորապես այս օրերին, երբ հանրապետության երկրորդ քաղաքի ՏԻՄ
ընտրություններին մասնակցած ու ավագանու կազմ անցած չորս ընդդիմադիր ուժերը քաղաքի
կառավարումը հանձնեցին Կոմկուսի ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանին։
Լավ հիշենք այդ օպերացիան իրականացրած
սուբյեկտների անունները՝ Արթուր Վանեցյան ու Մարտուն Գրիգորյան՝ իրենց կազմած «Մեր
քաղաքը» դաշինքով, Անդրանիկ Թևանյան՝ իր «Մայր Հայաստան»-ով, Կոմկուս, որի թեկնածուն
էլ հենց Ղուկասյանն էր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկեր Ռուբեն Մխիթարյան՝
«Իմ հզոր համայնք» կուսակցությամբ։ Չորսն ընդդեմ մեկի՝ ՔՊ-ի, որը, հիշեցնենք, ընտրությունների
արդյունքում ամենաշատ ձայներն էր ստացել՝ 36,67 տոկոս։
Թե քանի ճակատով կամ բևեռով կմասնակցի ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին՝ հագուրդ տալու Գյումրու սցենարով «ՔՊ-ին իշխանազրկելու» ախորժակին՝ քիչ է մնացել պարզելու։ Բայց, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, ընտրողին շփոթության մեջ գցելու համար առաջարկվելու է ընդդիմադիր մի քանի «այլընտրանք»։ Այս պահին արդեն իսկ երևացող բևեռ-այլընտրանքները երեքն են՝ Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ, Սամվել Կարապետյան՝ իր «Ուժեղ Հայաստան»-ով, Գագիկ Ծառուկյան՝ իր «Նոյան տապան»-ով, որի առաջին «պասաժիր» Անդրանիկ Թևանյանն էլ, ի դեպ, օրերս խոստովանեց «Գյումրի 2» անելու իրենց պլանի մասին։
Ի դեպ, այս սցենարի կրկնության հավանականության
մասին ամիսներ առաջ խոսում էր Ռոբերտ Քոչարյանը։
Նկատենք՝ այդ շրջանում Սամվել Կարապետյանի թիմը դեռ չէր հայտարարել, թե ով է լինելու
իրենց վարչապետի թեկնածուն։ Արձագանքելով հարցին՝ «Մեր ձևով»-ը հայտարարում է, թե չի համագործակցելու նախկին նախագահների
ու նրանց թիմերի հետ, ինչպե՞ս եք պատրաստվում գործակցել նրանց հետ, Քոչարյանը ծոր էր
տվել. «Ըստ ձայների համամասնության՝ ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանում, ուղղակի
ձև չի լինելու։ Ստեղծվելու է մի վիճակ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը խորհրդարանում և
ցանկություն են ունենալու, և այլընտրանք չեն ունենալու չհամագործակցելու։ Սա այն դեպքը
չի, որ դու ուզում ես, չես ուզում, սա այն դեպքն ա լինելու, որ դու ստիպված ես լինելու
գնալ համագործակցության»։
Արդ, եկեք պարզենք, թե ընդդիմադիր վերոհիշյալ
երեք բևեռներից որի՞ վարչապետացուն է, որ «Գյումրի 2» սցենարի գործարկման դեպքում կլինի
վարչապետի ռեալ թեկնածուն։ Սկսենք նորածիլ վարչապետացուից՝ Սամվել Կարապետյանից. նա, ինչպես գիտենք, կարող է վարչապետի
թեկնածու առաջադրվել միայն այն դեպքում, եթե նրա առաջնորդած ուժին, ինչպես իրենք են
հայտարարել, հաջողվի խորհրդարանում սահմանադրական
մեծամասնություն ձևավորել ու փոփոխել Մայր օրենքի համապատասխան դրույթը, որն այս պահին
արգելում է ռուսաստանցի գործարարին հավակնել պատգամավորի ու վարչապետի պաշտոնին։ Կարճ
ասած՝ Սամվել Կարապետյանի վարչապետացումը «ջանջալ» գործընթաց է ենթադրում ու նմանվում
է ձախ ձեռքով աջ ականջը բռնելուն։ Եվ բացի սրանից, ընտրությունների ելքն անկանխատեսելի
է, և սահմանադրական մեծամասնություն վերցնելու «ուժեղների» փափագը մեծ հավանականությամբ
չի իրականանա։ Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանը պոտենցիալ,
բայց խոցելի վարչապետացու է, ինչը չես ասի երկրորդ՝ Քոչարյան+ՀՅԴ բևեռի վարչապետացուի
մասին, որը, ռիսկի դիմենք ու ենթադրենք, լինելու է ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ աջ ձեռքն
ու ականջը կազմ-պատրաստ պահած Քոչարյանը։ Այդ նա է, հիշեցնենք, որ այս ընթացքում քանիցս
ազդարարել է՝ ինքն է միակ մարդը, որն «ի վիճակի է երկիրն այս վիճակից դուրս բերել»։
Գանք մյուս բևեռին՝ Գագիկ Ծառուկյանին։
Վերջինս հավաստիացրել է, որ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին՝ միաժամանակ հավելելով,
որ առնվազն երեք վարչապետի թեկնածու ունի։ Բայց ովքեր էլ լինեն Քոչարյանի «վաղեմի պրոյեկտ» համարվող ԲՀԿ-ի վարչապետացուները, որքան
էլ տաղանդավոր ու ձեռնահաս լինեն, մի կողմ
են քաշվելու իրենց ամբիցիաներով, եթե հերթը հասնի Ռոբերտ Քոչարյանի ամբիցիաների իրացմանը։
Նկատենք, որ ինքը՝ Սամվել Կարապետյանն էլ դեմ չի լինի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը,
Քոչարյանի, որի խափանման միջոց գրավի մի մասն ինքը՝ Կարապետյանն էր վճարել, Քոչարյանի,
որի մասին գործարարը դրվատանքով էր արտահայտվել՝ նրան համարելով «Հայաստանի հաղթանակը
կերտողներից մեկը», Քոչարյանի, որի հետ իր լավ հարաբերությունները Կարապետյանը, ինչպես
ինքն էր նկատել, երբեք չի թաքցրել։
Կարապետյանն, այսպիսով, Քոչարյանի վարչապետացմանը
«քոմագ անելով»՝ կազատվի ՀՀ կառավարման համար
անձամբ՝ անմիջականորեն պատասխանատվություն կրելու բեռից, միաժամանակ իրագործված համարելով այն միսիան, որի
համար էլ ուղարկվել է Հայաստան ու մտցվել ընտրապայքարի մեջ։
Ամփոփենք՝ խորհրդարանական ընտրություններին
մասնակցել պատրաստվող ռադիկալ ընդդիմության իրական վարչապետացուն Ռոբերտ Քոչարյանն
է, մնացած թեկնածուները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, քվազիթեկնածուներ
են, որոնք ընտրապայքարի մեջ են մտնելու դավադիր մտադրությամբ՝ ընտրողին գայթակղել աչքը
կուշտ բարեգործի, սրտացավ փրկչի պուպուշ կերպարներով, որոնք, սակայն, իրենց ստացած
ձայները ծառայեցնելու են «միակ տղամարդուն»՝ Ռոբերտ Շվարցենեգերին, ներողություն՝ Քոչարյանին, վարչապետ կարգելուն։
Հեղինե Մանուկյան