Հայրենի երկրի իրավապահներից խույս տված, մի քանի քրեական գործ շալակած, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեցող, օտար երկրում ապաստան խնդրած նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ հայտնի որպես «Քեթրինի Միհրան», հիշելով, որ առջևում ԱԺ ընտրություններ են, որոշել է նորից հիշեցնել իր մասին։ ԴԱՀԿ-ի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը, որի թուրը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի օրոք աջ, ձախ, վերև, ներքև էր ու բոլոր ուղղություններով կտրում էր, հեղափոխությունից կարճ ժամանակ անց ծլկեց Հայաստանից ու վերջին տվյալներով՝ փախստականի կարգավիճակում հանգրվանել է․․․ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս ընթացքում, սակայն, Միհրան Սուրենիչը (նա 2017-ին ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր էր դարձել) ՀՀ-ում հաջողել է կուսակցություն գրանցել՝ «Հայոց Համազգային Միասնություն» անունով, որի միջոցով էլ վտարանդի քաղգործիչը պատրաստվում է մասնակցել գալիք ընտրություններին։
Օրերս սույն կուսակցության հերթական համագումարն էր, որի ժամանակ
ռազմահայրենասիրական կեցվածք ընդունած Սուրենիչը օտար եզերքից գուժեց Հայաստանի
կործանման մասին։ «Թե՝ «ոչինչ չի մնա, եթե այս ապաշնորհ իշխանությունը վերարտադրվի, բոլոր կարմիր գծերն այլևս հատված են։ Սևանը կդառնա Գյոկչա, Երևանը՝ Էրիվան, Էջմիածինն էլ` Ուչմուածին...»։ «Մեր առաքելությունն է՝ քշել նիկոլիզմը Հայաստանից։
Ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաներն ու տարաձայնությունները և լծվեն միայն ու միայն մեկ գործի՝ օր առաջ հեռացնել Նիկոլին»,- խրոխտ հայտարարեց
ՀՀ արդարադատությունից ծլկած արդարադատության գեներալ-մայորը։ Ինչպիսի՜ էմոցիա, ինչպիսի՜ էքսպրեսիա, ելույթ մի ասա, հնդկական կինո ասա։ Հայրենիքի
ցավով տապակվող, դարդով եռևեփ եկող «կինոյի տղեն», փաստորեն, հազարավոր կիլոմետրեր
հեռից հավակնում է մասնակցել ընտրական պրոցեսին։
«Սպռավոչկա»՝ Միհրան
Պողոսյանը մի անգամ էլ էր (Մոսկվա ծլկելուց հետո) ցանկանում պատգամավոր կարգվել,
միայն թե՝ ՀՀԿ-ի, ավելի ճիշտ՝ «Պատիվ ունեմ»-ի ցուցակով։ Բայց նրա երկնագույն
երազանքը մնաց անկատար։ 2021-ի մայիսի
25-ին նախկին պաշտոնյան ԿԸՀ տեղեկանք էր ներկայացրել, որ, ուշադրություն, վերջին 4 տարում
հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի ու վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում։
Մայիսի 28-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը
գրություն ուղարկեց ԿԸՀ առ այն, որ Մ. Պողոսյանի՝ վերջին 4 տարում միայն ՀՀ
քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին
տեղեկանքը պետք է անվավեր ճանաչել: Գեներալ-մայոր մի ասա, «Мигран шустрый» ասա:
Հետաքրքիր է՝ հանրապետությունից արդեն մոտ 8 տարի (նախկին պաշտոնյան երկիրը լքել է
2018-ի հոկտեմբերի 7-ին) բացակայող Պողոսյանը, որ ընտրություններին մասնակցելու
ախորժակ է պահել, հավակնելո՞ւ է պատգամավորի կամ վարչապետի թեկնածուի կարգավիճակին։
Եթե այո, ապա այս անգամ որտեղի՞ց պեղած կեղծ տեղեկանքով է փորձելու խաբել ԿԸՀ-ին։
Փաստորեն, ռուսական հետքով հերթական քաղգործիչն է բախվելու
ՀՀ Սահմանադրության՝ պատգամավորի ու կառավարության անդամին ներկայացված
պահանջի չբավարարմանը։ Հիշեցնենք՝ նման
արգելքի բախվել է նաև Սամվել Կարապետյանը։
Մնում է ՌԴ փախած մեկ այլ նախկին պաշտոնյա՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ
Կարապետյանն ազդարարի ընտրապայքարին միանալու իր «գրանդիոզ» պլանի մասին և Կիրիենկոյի «բալալայկայի» տակ պարողների խմբակը
կամբողջանա։ Ի դեպ, այս խմբակում հայտնվելուն արժանի մեկ այլ թեկնածուի՝ «Ռուսաստանի
հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանից վերջերս լուր չկա, հո բան չի՞ պատահել։
Հ.Գ. Հեգնանքը հեգնանք, բայց ողբերգություն
է, որ ԴԱՀԿ-ի միհրանները, արշակկարապետյաններն ու երկրի արդարադատությունից փախած
«խայռենասեռները» որպես «ինքնամաքրման» ու «փրկության դուռ»
դիտարկում են քաղաքականություն մտնելը՝ պղծել-խեղաթյուրելով քաղաքական պայքարի
իմաստն ու նպատակները։
Հ. Մ.