Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվանում են պրոռուսական ուժերը, ոմանք էլ ակնհայտ օրենքի խախտմամբ են փորձում քաղաքական հայտ ներկայացնել։ Նրանցից Սամվել Կարապետյանը հռչակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող, բայց ՌԴ-ում ծվարած ու այնտեղից կուսակցություն բացած Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) ևս հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։
Նա նշեց, որ այդպես էլ պետք է
լիներ, ինքը 91 թվից սկսած մասնակցում է բոլոր տեսակի համապետական ընտրություններին,
բայց այս ընտրությունների նման առանձնահատուկ և տարբերվող ընտրություն չի եղել, որովհետև
այս ընտրությունը ոչ թե քաղաքական է, այլ աշխարհաքաղաքական, Ռուսաստանն այստեղ որքան
ուժեր, ագենտուրա, մնացորդներ ունի՝ բոլորին մոբիլիզացրել է։
«Ռուսաստանի քարոզիչները համարում
են, որ Հայաստանն իրենցն է, ռուսները միշտ էլ մտածել են, որ Հայաստանը պետություն չէ,
Ռուսաստանի դարպասն է, Ռուսաստանի պատնեշն է, դրա համար իրենք դաժան, անողոք պայքար
են մղում, որպեսզի Հայաստանն իրենց ազդեցության գոտուց դուրս չգա։ Հիմա էս ուժերը,
որ հանդես են գալիս, դրանք բոլորը, թեկուզ իրար հետ հակասություններ էլ ունենան, խրթին
ճանապարհներ անցած լինեն, բոլորը պիտի միանան իրար»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Խոսելով նաև այն մասին, որ «Մայր
Հայաստան» կուսակցության ղեկավարն ուղիղ ասել էր, որ «Գյումրի 2» կանեն, մեր զրուցակիցն
ասաց, որ քաղաքականությունը շատ հետաքրքիր գիտություն է, ինչքան էլ քողարկված մնաս,
միևնույն է՝ օրը գալիս է, և դեմքերը բացահայտվում են։
«Քոչարյանը կարծեմ սեպտեմբերին
ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը նրան հարց տվեց, թե ընտրություններին մասնակցելո՞ւ
է, պատասխանեց՝ այո, ու դաշինքով, և չբացառեց, որ կարող են միավորվել «Մեր ձևով» շարժման
հետ։ Բայց հետո սրանք քննարկեցին, որ Քոչարյանը վիրուս է՝ որտեղ միացավ, այնտեղ ատելություն
է գեներացվում, և հիմա որպեսզի նրանք այդ վիրուսից ազատվեն, որոշել են առայժմ առանձին
հանդես գալ, որովհետև միավորվելը վտանգավոր է և ատելություն կառաջացնի բոլորի նկատմամբ։
Հիմա այդպես առանձին հանդես են գալիս Դաշնակցությունը, Քոչարյանը, Պողոսը, Պետրոսը,
Կիրակոսը, բայց դրանք նույն կենտրոնից են ղեկավարվում և վճռական պահին իրար հետ պետք
է լինեն։ Էդ Քոչարյանն առայժմ առանձնացել է դրանից, որ իբր նրա հետ գործ չունի, և հիմա
ինչքան հնարավոր է մանիպուլացնելու են, խաբելու են, կեղտոտելու են ու մոտավորապես Գյումրիի
նման մի բան են անելու, որ վերջում իշխանություն փախցնեն»,- նշեց Վարդան Մալխասյանը։
Բայց իր հաշվարկներով՝ դա անհնարին
է, որովհետև ժողովրդին հնարավոր չէ շատ երկար խաբել ու մանիպուլացնել, իսկ վճռական
պահերին հայ ժողովրդի ողջախոհությունը հաղթում է, որովհետև հայ ժողովուրդն այս ընտրությանը
պետք է հասկանա մի բան՝ հիմա մենք ընտրում ենք ոչ թե կուսակցություն, ոչ թե Նիկոլ Փաշինյանին,
ոչ թե «Քաղաքացիական պայմանագրին», այլ ընտրում ենք ուղղությունը, թե՝ ուր ենք գնում։
«Եթե դու նորից ուզում ես գնալ
ճահիճ, ուզում ես գնալ մի նավի հետևից, որը ժամ առ ժամ խորտակվում է, այդ դեպքում պետք
է ընտրես այդ ուղղությունը, բայց մեր կյանքի դաժան փորձը ցույց է տվել, որ այդ ուղղությունը
մեզ ոչ մի լավ բան չի բերում, որովհետև ռուսական պետությունը կառուցված է ոչ թե ինստիտուտների
կամ գաղափարախոսության վրա, այլ այդ սիստեմը կառուցված է վախի վրա, և ոչ ոք չի համարձակվում այդ վախի մթնոլորտում
ճշմարտությունն ասել։ Այդ կեղծիքի, խավարի, չարիքի, ստախոսության, գողերի նավը խրվում
է օվկիանոսի հատակը, դու վազում ես հետևից, որ դո՞ւ էլ խրվես։ Այ սա պիտի ժողովուրդը
հասկանա»,- ընդգծեց Վարդան Մալխասյանը։
Խոսելով նաև Սամվել Կարապետյանի և Միհրան Պողոսյանի՝ ընտրությունների վերաբերյալ հայտարարությունների մասին, Վարդան Մալխասյանն ասաց, որ որսից հետո և ընտրություններից առաջ մարդիկ շատ են սուտ խոսում, մտածում են՝ ում որ շատ կհաջողվի խաբել ժողովրդին, ուրեմն նա կշահի, նուրբ տեղերից բռնում են ու ինչ խոստում ասես տալիս են, բայց ամեն ինչի տակ հաշվարկ կա չէ, նույն Սամվել Կարապետյանը որ այդպես խոսում է, դեռ հարց է՝ ինքը փող ունի, թե՞ չունի, հիմա Պուտինը մինչև վերջին կոպեկը վերցնելու է օլիգարխների փողերը, Սամվել Կարապետյանը վերջում դառնալու է բոմժ։
«Սամվել Կարապետյանն իր կամքով չի եկել, դուք կարծում եք, որ նա էնքան
հայրենասեր է, որ եկել է ստեղ երկիրը «փրկի՞»։ Էդ միլիարդատերերից շատերը որ ապօրինի ձևով հարստացել են, նրանք մազաչափ անգամ
հայրենասիրություն չունեն իրենց մեջ։ Նրանց ուղարկում են, նրանք պատանդ են Պուտինի
ձեռքին։ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, իր կամքով եկա՞վ Վարդանյանը։ Էդ օլիգարխներին
աճեցնում են, ինչպես գողերին, հետո վերջում վերացնում են։ Հիմա սրանց ուղարկել են հատուկ
հանձնարարականով։ Սամվել Կարապետյանն իր կամքով չի եկել, իրեն ուղղորդում են, իրեն
հրամայում են, ինքը պլեն ա ընկած ռուսական այդ այլանդակ, գողապետության ձեռքին»,- ասաց
Վարդան Մալխասյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ
պրոռուսական ուժերի ներկայացուցիչներ փորձում են օրենքը շրջանցելով մասնակցել ընտրություններին,
Վարդան Մալխասյանն ասաց, որ շատ ուրախանում է այսօրվա դատախազության կեցվածքով, և Աննա
Վարդապետյանը Փաշինյանի իշխանության ընթացքում ամենահաջողված նշանակումն է. հիմա վերջինս,
որ օրենքների վրա հսկողություն է իրականացնում, չի թողնի, որ օրենքը խախտվի։
«Ո՞նց պիտի սրանք օրենքի խախտումով
գան առաջ։ Սրանք խուճապի մեջ են ընկել, նախկին թալանածները չեն կարողանում լրիվ պահեն,
կամաց-կամաց ձեռքներից հետ են վերցնում։ Օրենքի խախտումով որ լինի, ուրեմն սա պետություն
չի։ Էլի հերթական անգամ վերջին ճիգերն են գործադրում, որ մանիպուլացնեն, ժողովորդին
ինչ-որ ձևով խաբեն, բայց էլի չի ստացվելու, մեր ժողովրդի ողջամտությունը, ողջախոհությունը
էլի հաղթելու է, հայ ժողովրդի քաղաքական տրամաբանությունը հաղթելու է։ Հայ ժողովուրդը
երբեք չի գնա նախկին բանդիտներին, գողերին, թալանչիներին, իրեն ամենավերջին ձևով անարգած
սրիկաներին բերի իշխանության։ Եվ բոլոր գողերը, նաև պետությունների ղեկավար գողերը,
վերջում միշտ փախչում են Մոսկվա։ Հիմա այդ կենտրոնը, որն ամբողջը գողերի, թալանչիների,
բռնապետների թաքստարան, ապաստարան է դառել, այդ ուժերի հետևից եթե ժողովուրդը գնա,
ուրեմն մենք արժանի չենք հարատևելու, մենք ազգ չենք դառնա։ Եվ դրա համար է Աստված մեզ
պատժում, եթե մենք սխալ ուղղությամբ ենք գնում, ասում է՝ ես ձեզ հնարավորություն եմ
տալիս, ճիշտ ուղղությամբ գնացեք, սխալ ուղղությամբ գնացիք՝ պիտի կործանվեք, որովհետև
դու ես որոշում քո ճակատագիրը, քո քվեից է կախված քո ճակատագիրը»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Լիլիթ Թադևոսյան