Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպանը

Հայաստանում իր առաքելությունն է սկսում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիեն. նա իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 


ՀՀ նախագահը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: 


«Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը: 


Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: 


«Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։ 


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ 


Այս համատեքստում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել` հաշվի առնելով հումանիտար հարցերում ՀՀ–ի կուտակած փորձն ու կարողությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։