«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ընկերության Տեխնիկական, ինչպես նաև Անվտանգության և վերահսկողության տնօրինությունների համապատասխան մասնագետների հետ աշխատանքային շրջայց է իրականացրել «Վարդաշեն» 110/35/6 կՎ լարման բարձրավոլտ ենթակայանում՝ ծանոթանալու 2025 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման աշխատանքներին և ենթակայանի ընթացիկ տեխնիկական վիճակին։
Ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել և ներկայացվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:
Վերջնական արդյունքների վերաբերյալ Ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կծանուցվեն բոլոր հոսանքազրկված բաժանորդները:
«Ինչպես հայտնել էինք՝դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր շուրջ 51 000 բաժանորդի էլեկտրամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքները տևել են շուրջ 48-52 ժամ․

24/7 աշխատանքային ռեժիմով ներգրավված են եղել ՀԷՑ-ի շուրջ 150 աշխատակիցներ, որոնք աշխատել են խիստ անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ապահովելով մոտ 40 000 բաժանորդների էլեկտրամատակարարումը սահմանված ժամկետներում (մինչև 3 ժամ): Էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնումն ապահովվել է 30.12.2025թ. ժամը 04:04-ին։
«Վարդաշեն» 110/35/6 կՎ լարման բարձրավոլտ ենթակայանը կվերակառուցվի ամբողջությամբ, զգալի չափով կավելացվեն նաև առկա դրվածքային հզորությունները։

2026թ.-ի ներդրումային ծրագրով նախատեսվում է վերջինիս լիարժեք տեխնիկական արդիականացում՝ ժամանակակից և առաջադեմ տեխնոլոգիական վերազինմամբ: Վերակառուցումը միտված է ոչ միայն նմանատիպ ռիսկերի նվազեցմանը, այլև ենթակայանի հուսալիության և անվտանգ շահագործման մակարդակի էական բարձրացմանը՝ հաշվի առնելով սպառման շարունակական աճը տվյալ վարչական շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։