Փետրվարի 25-ը Հայաստանում նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին դրական լուրով և ընդդիմության շրջանում կայծակնային արագությամբ տարածված թոշակացավով։ «Թոշակ», «բարձրացում» բառերը սրտի կսկիծով, ցավագլոր լինելով հոլովեցին ու «նախընտրական կաշառք», «աթոռը պահելու քայլ», «մի քանի հազար դրամանոց պոպուլիզմ» որակեցին ընդդիմադիր դաշտի այնպիսի երևելիներ, ինչպիսիք են հանրապետության թիվ մեկ լուսավորիչ Էդմոն Մարուքյանը, դաշնակցական պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանի օրոք նախարար աշխատած Մանե Թանդիլյանը, «Հայաքվե» խմբավորման անդամ Մենուա Սողոմոնյանը․․․ ամեն մեկն իր ձևով, այն է՝ ըստ իր «կարդացածության ու փչացածության» մակարդակի։ Հանրապետության «թիվ մեկ ձևիստ» Նարեկ Կարապետյանն էլ «իր ձևով» արտահայտեց իրեն համակած թոշակացավը։ «8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞ւմ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ»։
Հիշեցինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոս, լվացքի տաշտի մեջ նստած Ավագին, որը, դիմելով Ռևազի ոչխարների գործը քննելու եկած քննիչին, ծոր տվեց՝ «դու որ չգայիր, ես լողացողը չէի՜»։ Նարեկ Կարապետյանն էլ, փաստորեն, ավագավարի ազդարարում է՝ «մենք որ չբզբզայինք, Փաշինյանը թոշակ բարձրացնողը չէ՜ր․․․»։ Թոշակացավից շոկի մեջ ընկած երիտքաղգործիչը, ինչպես երևում է, տեղյակ չէ կենսաթոշակների բարձրացման խրոնոլոգիայից, այլապես կիմանար, որ 2019 թվականից սկսած՝ կենսաթոշակները մոտավորապես 7 անգամ բարձրացվել են՝ ուղղակի մեծացումների, փոխհատուցումների և սոցիալական հավելավճարների միջոցով։ Մասնավորապես, երբ 2019-ին նվազագույն կենսաթոշակը դարձավ 25,500 դրամ, 2020 թվականին էլ կենսաթոշակները ևս 10 տկոսով բարձրացան, որտե՞ղ ու ինչո՞վ էր զբաղված Կարապետյան ընտանիքը, որքան հիշում ենք՝ Սամվել ու Նարեկ Կարապետյանների ոչ իզը, ոչ էլ թոզը քաղաքականության մեջ չէր երևում։ Մասնավորապես 2020 թվականի այդ շրջանում, երբ Կառավարությունն զբաղված էր թոշակների վերանայման հարցով, Սամվել Կարապետյանը ՌԴ-ում «հով ու ապահով» լռված՝ զբաղված էր նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու «տասովկաներով» (ներողություն գողալեզու բառեր գործածելու համար)։ Ինչպես ուռին ու բարդին, ամեն մեկն իր դարդին։
Ի դեպ, այս ընթացքում Հայաստանի կառավարությունը մի շարք
ոլորտներում իրականացրել է բազմաթիվ ռեֆորմներ՝ բանակից մինչև առողջապահություն՝ առողջության համընդհանուր
ապահովագրության համակարգի ներդրման տեսքով, տրանսպորտից մինչև ծնելիության խթանում, ենթակառուցվածքների
կառուցումից մինչև դպրոցների, մանկապարտեզների
հիմնանորոգում․․․ Այս բոլոր
բարեփոխումների ժամանա՞կ Կարապետյանները որտեղ էին, ՀԷՑ-ի ու «Տաշիր պիցցաների» ցանցի նկուղներից հո չէի՞ն
հուշում իշխանությանը ինչ անել, ոնց անել, որ երկրի, ժողովրդի համար լավ լինի, որ հետո իրենց վերագրեն արդեն իսկ իրականություն
դարձած «լավը, գեղեցիկը, բարին ու վսեմը»։ Տպավորություն է, թե Կարապետյանները ազգակցական
կապ ունեն, սերում են հայտնի հեքիաթի հերոս «Քաջ Նազարի» տոհմից։ Էն Նազարի, որը, հիշո՞ւմ
եք, տիեզերական օրենքները համարում էր իր «թագավորական հրամանքը»։ Թե՝ արևը պետք է
առավոտյան ծագի, երեկոյան կորչի, գնա, սարերը ձորերից պետք է բարձր լինեն, գետերն էլ
պետք է երկու ափ ունենան։ Այն նույն Նազարի, որի շրջապատի ապ-ուշ հսկաները նրա փռշտոցին
էին վերագրում աշխարհքի կեսն ավերած ժաժքն ու հրաբուխը։
Ձոն Նազարին
Խեղճ տըկարին դու
ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։