Փետրվարի 27-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ:
«Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի անդրադառնալ կառուցապատման ոլորտում բազմաբնակարանային շենքերի՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման գործընթացում առկա համակարգային խնդիրներին։
Ներկաները ողջունեցին նման ձևաչափով աշխատանքային հանդիպման նախաձեռնությունն ու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացում առկա խնդիրները, որոնք վերաբերում էին թե՛ նախկին սակագնով վճարված տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքների անորոշ ժամկետներին, թե՛ միացման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտումներին։ Վերջիններս պայմանավորված են ՏԻՄ-երի հետ կապված մի շարք խնդիրներով, ինչպես նաև նախագծային և շինարարական գործընթացների ձգձգմամբ ու շինթույլտվությունների ուշացմամբ։
Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։
Միաժամանակ ընդգծվեց կառուցվող թաղամասերի տարածքում նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի երկարատևությունը։
Ասոցիացիայի կողմից առաջարկվեց վերանայել բաժանորդագրման մեկնարկի պայմանները՝ հնարավորություն տալով այն սկսել սեփականության վկայականի և տեղադրված հաշվիչի առկայության դեպքում՝ չսպասելով տրանսֆորմատորային ենթակայանի գրանցմանը։
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվեցին համատեղ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հստակեցնել և խստորեն վերահսկել ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման ժամկետները՝ բոլոր հարթություններում՝ խնդիրները ճիշտ հասցեագրելով և համապատասխան լուծումներ առաջադրելով, ինչպես նաև երկուստեք փոխգործակցության արդյունքում լավարկել առկա ընթացակարգերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացնել առկա խնդիրների գույքագրում և դրանք հասցեագրել պատկան մարմիններին՝ այդ մասին իրազեկելով նաև քննարկման բոլոր մասնակիցներին»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։