Տխրահռչակ ողորմելիները՝ ցնցակաթվածի մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթը ցնցակաթված է հարուցել սեփական պետության դեմ դավադիր պրոցեսներ գեներացնող շրջանակների մոտ։ Երկրի ղեկավարի ելույթի շեշտադրումներն  այն աստիճան զիլ էին, փաստորեն, որ դիպել են ժամկետանց, ընդհուպ քաղաքական չուլանի փոշոտ պուճախներում պահ մտած գործիչների սրտին՝ ստիպելով դուրս գալ ու զբաղվել իրենց միակ անելիքով՝ ֆեյսբուքներում  բարոյախոսա-գիտա-խրատական տեքստեր ճպպացնելով։ Թե՝ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական բարձր ամբիոնից թիրախավորեց սեփական ժողովրդի մի հատվածին, խայտառակ արեց երկիրը՝ խոսելով եկեղեցականների կանոնախախտ լինելու մասին, ազդարարեց ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի մասին, նրանց պիտակեց որպես «խաղաղության սպառնալիք»՝  ռուսամետ դիրքորոշում ունենալը  հավասարեցնելով  պատերազմատենչությանը։ Ասվածը թերևս ծիծաղելի լիներ, եթե այսքան թշվառ ու ողբերգական չլիներ։


Նախկին մի արտգործնախարար՝ Վարդան Օսկանյանը, հետ չմնալով ռազմահայրենասիրական «սռաչից», դուրս եկավ իր «փայ» պուճախից՝ ֆեյսբուքում քոքելով. «Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից  պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։ Մարդը 2018-ից ի վեր ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո և ո՛չ էլ մինչև այսօր հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը»։


Մինչ տխրահռչակ նախկին նախարարի ու նրա հանգով կաղկանձ կապածներին արձագանքելը՝ վերհիշենք, թե ինչ հանգամանքներ է արձանագրել Փաշինյանն ի լուր Եվրոպական խորհրդարանի։ Այդ շեշտադրումները վերաբերում ու հանգում են ՀՀ ինքնիշխանության, անկախության  և այդ երկուսի գոյությունը երաշխավորող խաղաղության երաշխիքներին ու դրանց սպառնալիքներին։  


Եվ ուրեմն, արձանագրում համար 1. «2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին։  Եթե 2024 թվականի ապրիլին  չկայացվեր  Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի որոշումը,  Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ անկախ, առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ, մինչդեռ, արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ սահմանազատում չիրականացնելու,  Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը ակտիվացնելու պահանջով։ Մինչդեռ սահմանազատումը, ի հեճուկս սույն հոգևորականի, եկեղեցու պետի նախաձեռնած փողոցային հուզումների՝ տեղի ունեցավ»։


Արձանագրում համար 2. «Խաղաղությանն ընդդեմ  պրոցեսում ներգրավված հոգևորականների  «էմիսարները» ու նրանց փոխկապակցված լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչները Եվրոպական խորհրդարանում և այլ միջազգային կառույցներում թյուր ինֆորմացիա են տարածում, թե  ՀՀ Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, Հայաստանում բռնապետություն է հաստատվում,  Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Մինչդեռ իրականությունն այլ է՝ որոշ հոգևորականներ, ցինիկ կերպով խախտելով հոգևոր բարեվարքության կանոնները, այդպիսով իրենց խոցելի են դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, ավելին՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստն էլ ապացուցված է  փաստաթղթերով։ Ահա այդ հոգևորականներն էլ  ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջը հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների՝  փորձելով Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։


Արձանագրում համար 3. «Կառավարող ուժը  նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չի տալու, թույլ չի տալու նաև, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվեն հակաքրիստոնեական նպատակների համար»։ 


Արդ, ասվածի ո՞ր պարբերության մեջ, ո՞ր ստորակետից առաջ ու վերջակետից հետո է, որ Փաշինյանը սխալ է, հայտարարել է անթույլատրելին՝ «դուրս» հանելով «տան ներսի» խոսակցությունը։  


Օսկանյաններն ու նրա մակարդակի «ոչ տկարամիտ» գործիչները երևի կուզեին, որ Փաշինյանը զլեր ռազմահայրենասիրական քնարն ու Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առանձնահատուկ շնորհակալություն հայտներ «մերօրյա  Ավարայրի»՝ «սրբազան պայքարի» «Ղևոնդ Երեցին»՝ Վազգեն Գալստանյանին, ու նրա շարժումն օրհնած  Գարեգին Բ-ին՝ Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդող, պետականակենտրոն շարժում սկսելու համար։ Այ նման շնորհակալական խոսքը իսկը Եվրոպական խորհրդարանի՝ «էպատաժ», «դրայվ» սիրող պատգամավորների սրտով կլիներ։ Եվ կամ գերագույն-գլխավոր հրամանատարի իր իրավունքից օգտվելով՝ սուր ու տեգ ճոճեր հարևանների ուղղությամբ,  երգեր «Արցախ վերադարձի ու Արցախի վերադարձի» մասին երգը, Նաիրա Զոհրաբյանի ոճով հեգներ Ալիևին՝ «Արա, Հեյդարի տղա, էս ջուրը կշփեմ երեսիդ, խաղաղությունը չեն մուրում,  խաղաղությունը պարտադրում են», և որպես եզրափակիչ ակորդ գեղգեղար՝ Ստամբուլն արյան ծով սարքելու մասին, եվրոպացիների ծափահարությունների ներքո թնդացնելով՝  «հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»։


Փաշինյանին եվրոպական ամբիոնից «փիս-փիս» բաներ ասելու մեջ մեղադրող Վարդան Օսկանյանները, նկատենք, այս ողջ ընթացքում ամբիոնի պակաս չեն ունեցել, այդ թվում՝ միջազգային,  ու դրան հենց մոտեցել՝ ցուցմունք են տվել սեփական երկրի դեմ՝ ազդարարելով բանակցային գործընթացը տապալելու, Ալիևին գրգռելու ու  44-օրյա պատերազմը սանձազերծելու մասին։ Հենց այս նույն կուտոկն էր, որ  դեմ էր սահմանազատման գործընթացին, ու մինչ կառավարությունը զսպում էր պատերազմի ռիսկերը, պատերազմի հրձիգները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Անձամբ Օսկանյանն էլ, հիշեցնենք, սիրտը թունդ առած հրապարակում  հավաքված բազմությունից, վարչապետի թեկնածու էր առաջադրում Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին։ Այս նույն խմբակը տեղը չի գտնում հատկապես  վաշինգտոնյան պայմանավորվածություններից, խաղաղության  համաձայնագրի՝ միս ու արյուն ստանալու հեռանկարից ու  զբաղված է Հայաստանի  ինքնիշխանության ու անկախության «միսն» ուտելով՝ լեգիտիմացնելով «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, «բանավոր պայմանավորվածությունների» վրա հղում անելով՝  Ադրբեջանին իբրև թե  տրված խոստումներ վերագրում Նիկոլ Փաշինյանին, վերջին շրջանում էլ խեղաթյուրում  ԹՐԻՓՓ նախագծի էությունը՝ դրանում Հայաստանի  ունեցած 26 տոկոս մասնաբաժինը ներկայացնելով  մեր երկրի «ողորմելիության ինդեքս»։   


ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն, ի դեպ,  ժամանակ առաջ նախկին արտգործնախարարին ու նրա պես «պարզունակ տկարամիտներին» առավել քան պերճախոս է բնորոշել՝ Հայաստանի գլխին բազում «քյալագներ» բերածներին ցույց տալով իրենց արժանի տեղը։ Ավելացնելու բան չունենք։  


Հեղինե Մանուկյան