«Մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու բարի կամքից»,- այս մասին իր երկրորդ փոդքաստի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը և օրինակ է բերել Իսրայել-Պաղեստին հակամարտությունն ու Կիպրոսի հիմնախնդիրը։ Քոչարյանը նկատում է, որ այս հարաբերություններում ևս երաշխավորողներ չեն եղել, դրա պատճառով խաղաղությունը խարխլվել է։ Հիմնական պատճառը եղել է երաշխավորների ու երաշխիքների բացակայությունը։ Իսկ Կիպրոսում հակառակը՝ չկա խաղաղության պայմանագիր, բայց կան երաշխիքներ, և դա աշխատում է։
Հիմա Ռոբերտ Քոչարյանը պնդում
է, թե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում պետք է ներառի երաշխավորների։
Եվ որ այդ դեպքում, ահա, խաղաղությունը կլինի երաշխավորված։ Իսկ ի՞նչ է ցույց տվել
թե՛ Հայաստանի փորձը, թե՛ միջազգային այս իրավիճակում այլ երկրների փորձը՝ այսօր, ոչ
թե տասնամյակներ առաջ։
2020 թվականի պատերազմից հետո
Ղարաբաղում տեղակայվեցին ռուսական խաղաղապահներ, և Ռուսաստանը դարձավ ԼՂ անվտանգության
երաշխավոր։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ղարաբաղը ռուս խաղաղապահների աչքի առաջ
նախ ենթարկվեց բլոկադայի, ապա՝ հայաթափվեց։ Էլ չենք ասում ընթացքում Փարուխի, Քարագլխի,
Խնածախի դեպքերը։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը ֆիզիկական ներկայություն ուներ Ղարաբաղում,
ու ողջ գործիքակազմը առկա էր թույլ չտալու Ղարաբաղի բնակչության շրջափակումն ու տեղահանումը։
ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տակ ու հստակ
պարտավորություններ էր ստանձնել ու հանդիսանում էր Ղարաբաղի բնակչության անվտանգության
երաշխավորը։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունն այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները։
Գանք Հայաստանին։ Հայաստանն ու
ՌԴ-ն ունեն փոխօգնության մասին համաձայնագիր՝ կնքված 1997 թվականին: Բացի դրանից, Հայաստանը
հանդիսանում է ՀԱՊԿ անդամ։ 2023-ի Ջերմուկի դեպքերի ժամանակ Հայաստանը դիմեց թե՛ ՀԱՊԿ-ին,
թե՛ Ռուսաստանին՝ երկկողմ փոխօգնության համաձայնագրով, սակայն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ
ՀԱՊԿ-ը չկատարեցին իրենց պարտավորությունները։ Նրանք անգամ քաղաքական գնահատական չտվեցին
ադրբեջանական հարձակմանն ու կասկածի տակ դրեցին ՀՀ սահմանները։
Ի՞նչ ունենք միջազգային փորձով.
մասնավորապես՝ Ուկրաինայի փորձը։ 1994 թվականին Ուկրաինայի կողմից միջուկային զենքից հրաժարվելու
դիմաց անվտանգության երաշխավորներ դարձան Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան։
Այս համաձայնությունը ամրագրվել է Բուդապեշտի հուշագրով: Հետագայում Ուկրաինային
առանձին փաստաթղթերով անվտանգության հավաստիացումներ են տվել նաև Ֆրանսիան և Չինաստանը: Իսկ հետագայում՝
2014-ին, ապա նաև 2022-ին Ուկրաինայի վրա է հարձակվել իր անվտանգության երաշխավորներից
մեկը։ Իսկ, օրինակ, Չինաստանը ավելի շատ ՌԴ-ի գործընկերն է, քան Ուկրաինայի՝ պայմանավորված
Արևմուտքի հետ ունեցած հակասություններով։ Չնայած մեծ հաշվով նա չեզոքություն է պահպանում,
թեև պետք է աջակցեր Ուկրաինային։
Եվ ահա այսքանից հետո Ռոբերտ Քոչարյանը խոսում է երաշխիքների ու երաշխավորների
մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանին։ Ռուսաստանը վաղուց կորցրել է իր ազդեցությունը
Ադրբեջանի վրա ու չի կարող ապահովել կամ երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու
խաղաղությունը։ Դա լավագույնս կարող է անել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ադեկվատ ու
փոխշահավետ համագործակցությունը։ Ռուսաստանը, միջամտելով, առավելագույնը ինչ կարող
է անել՝ Հայաստանի վրա ազդելն ու անհրաժեշտության դեպքում հօգուտ Ադրբեջանի Հայաստանի
նկատմամբ ճնշումներ բանեցնելն է։
Վստահաբար՝ Ռոբերտ Քոչարյանն այսքանը հասկանում է։ Ուղղակի նրա միսիան Ռուսաստանին
այս գործընթացներում ներգրավելն է։ Ռուսաստանը Հարավային Կովկաս վերադառնալ կարող է
միայն Հայաստանի միջոցով, իսկ դրա համար պետք է պրոկրեմլյան իշխանության հաստատում
Հայաստանում։ Եվ այս գործին լծվել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսաստանցի օլիգարխից մինչև
«Նոյան տապան» ու Սերժ Սարգսյանի թիմակից Թաթոյան։
Վոլոդյա Հակոբյան