Վարչապետ դառնալու մուրազը սրտում վառ պահող Ռոբերտ Քոչարյանը, ինչպես երևում է, որոշել է ԱԺ գալիք ընտրություններից առաջ հաճախ հիշեցնել իր գոյության մասին, երևալ հանրության աչքերին, սակայն ոչ կենդանի՝ «տետ ա տետ» շփման, հաղորդակցման, հանրության դարդ ու ցավերը լսելու, մի դարման էլ իր կողմից առաջարկելու ֆորմատով, այլ՝ ․․․տաղավարային, հեռավար՝ «Մեծ քաղաքականություն» անունով փոդքաստի հով-ապահով պատերի ներսում՝ դատելով իշխանության քայլերն իր «օրիգինալ» դատարկաբանություններով։ Զազրելին այն է, որ այդ դատարկաբանություններն առնչվում են այնպիսի կենսական նշանակության, զգայուն իրողության, ինչպիսին խաղաղությունն է։ Այո, այո, այն խաղաղության, որը հաստատվել է ավելի քան մեկ տարի ու հաստատագրվել 2025-ի օգոստոսից սկսած, ոչ թե մոսկովյան, այլ՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններով։
Հենց խաղաղությունն է, որը լինելու է գալիք ընտրությունների գլխավոր
օրակարգը, և որին ստորադասվելու են մնացած
բոլոր օրակարգերը։ Հենց խաղաղությունն է, որ
լինելու է կառավարող ուժի գլխավոր օրակարգը, որի այլընտրանքը՝ դրան հակադրվելու և կամ
համաձայնելու դիրքավորմամբ էլ պետք է հանդես գան ընտրապայքարին մասնակցել պատրաստվող
բոլոր քաղաքական ուժերը։
Արդ, եթե ոչ խաղաղություն, ապա ի՞նչ, ռևա՞նշ՝ «Արցախի վերադարձի»
և կամ «Արցախ վերադարձի» տեսքով, որն այս պահին ռեալ չեն համարում անգամ արցախցիները՝ ի հեճուկս այդ ցնորքին հավատացող մեկ մարդու՝ Վարդան
Օսկանյանի։
Եթե խաղաղություն, ապա
ինչպիսի՞, արդյոք այն տեքստո՞վ, այն կետերով ու դրույթներո՞վ, որոնք արձանագրված
են կառավարող ուժի կողմից բանակցված ու նախաստորագրված համաձայնագրում։ Թե՞ «վերաբանակցվելիք»
կամ, ինչպես իրենք են ասում՝ «արժանապատիվ» խաղաղություն բերելու, նույնն է թե՝ սեղանին եղած
հավասարակշռված փաստաթուղթը փոփոխելու, այսինքն՝ անցած շուրջ չորս տարիների ընթացքում
տեղի ունեցած բանակցությունները «ջուրը լցնելու», բանակցությունները «սեփական կետից»
սկսելու տեսքով՝ դրանից բխող հետևանքներով։ Ի դեպ, այն ենթադրյալ հետևանքներով, որոնց
մեջ նախկին ռեժիմի կարկառունները չեն զլանում մեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝
«բանակցությունները փակուղի» մտցնելու, 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված
հոյակապ փաստաթուղթը մերժելու և այսպիսով
44-օրյա պատերազմը սադրելու մեջ։
Ռոբերտ Քոչարյանը, նկատենք, որը 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցում էր «արժանապատիվ խաղաղություն» դրոշակը թափահարելով՝ դրա տակ հասկանալով մասնավորապես ուժեղ բանակ և ուժեղ՝ չպարտված բանակցող, վերոհիշյալ փոդքաստում որոշակիորեն խմբագրել է իր իմացած ու պատկերացրած «արժանապատիվ»-ը։ «Արժանապատիվ» ասելով նա այժմ նկատի ունի երաշխավորված՝ երաշխավորների ինստիտուտի «մոնիտորինգի» ներքո գտնվող խաղաղությունը, ոչ թե այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել երկու կողմերի միջև և չունի միջնորդներ։ Առանց երաշխավորների, նույնն է թե՝ միջնորդների, ձեռք բերված խաղաղությունը, երկրորդ նախագահի խոհափիլիսոփայական ընկալմամբ, կառուցված է «հորս արև» «ֆորմուլայի»՝ երդման ինստիտուտի վրա, որը, ինչպես փորձն է ցույց տալիս, Ալիևը ընդունակ չէ ոչ հարգել, ոչ էլ պահել։ Ու որպեսզի խաղաղությունը կախված չլինի ոչ Ալիևից, ոչ էլ Նիկոլ Փաշինյանից, առավել ևս նրանց հայրերի «արևներից», ապա, ըստ նախկին նախագահի, պետք է դիմել տարածաշրջան, այսպես ասած, «տղա բերելու» ինստիտուտին, որն էլ կզսպի և կամ «կտա իտոգը», երբ կողմերից մեկը որոշի «բազառ բռնել»՝ պատերազմել մյուսի դեմ (ներողություն գողալեզու բառապաշարի համար): Որպես այդպիսի ինստիտուտի մարմնավորում՝ նախկին նախագահը դիտարկում է աշխարհաքաղաքական կենտրոններից մասնավորապես ՌԴ-ին, որի ուղղորդմամբ ու ակնհայտ աջակցությամբ էլ մտել է ընտրապայքարի մեջ, և, ուշադրություն՝ ԱՄՆ-ին, որի 74 տոկոս մասնակցությամբ ԹՐԻՓՓ-ը, նկատենք, երկիրը 10 տարի կառավարած անձը ընդամենը օրերս՝ նախորդ իր փոդքաստում, Իրանի դեմ պատերազմական գործողությունների ամենաթեժ պահին որակում էր որպես «լուրջ հետախուզական կենտրոն՝ Իրանի դեմ աշխատելու նպատակով»։ Շաբաթներ առաջ էլ՝ իր ասուլիսում, նույն ԹՐԻՓՓ-ում ԱՄՆ ներգրավվածությունը ներկայացնում էր այսպես՝ «ԱՄՆ-ի նպատակը Իրանն է, այլ նպատակ ԱՄՆ-ը չունի»։ Նախօրեին, սակայն, ԱՄՆ-ի դեմ ցուցմունք տված սույն գործիչը այսպես էր բարբառում՝ այդ երկրին դիտարկելով որպես խաղաղության երաշխավորի․ «Այո, խոսքը գնում է մի պրոբլեմի (խաղաղությունը, փաստորեն, նրա ընկալմամբ «պրոբլեմ» է-խմբ.) մասին, որը էկզիստենցիալ չի իրենց համար։ Սա մի տեղ է, որտեղ իրենք կարող են համագործակցել։ Սա այն դեպքը չի, որ սենց վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ ՌԴ-ի համար ավելի զգայուն թեմա է, բայց ՌԴ-ի, որպես պետության, այսպես ասենք՝ ամենից կարևոր հարցը չի։ Մեզ է թվում, թե սա ամենից կարևոր հարցն է։ Բնավ ոչ։ Դրա համար կարելի էր աշխատել, կարելի է նաև հիմա աշխատել և ի մի բերել այն, ինչի մասին ես խոսում եմ»։
Փաստորեն, ոչ միայն Սերժ Սարգսյանին է հատուկ «մեկ գիշերվա մեջ» որոշում փոխելու հատկությունը, այլև նրա նախորդին. նա մեկ գիշերվա մեջ, փաստորեն, այն աստիճան է փոխել վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ, որ այդ երկիրը դիտարկում է որպես ՀՀ-Ադրբեջան խաղաղության երաշխավոր։ Ա՜յ քեզ տրանսֆորմացիա։ Ընթերցողը, սակայն, թող չխաբվի քոչարյանական այս պրիմիտիվ հնարքին, նա, համոզված ենք, խաղաղության երաշխավորի դերում ԱՄՆ-ի անունը հիշատակեց ոչ թե այն պատճառով, որ իրապես այդ երկրի կամքին և կարողությանը վստահում է, այլ, այսպես ասենք, «քողարկիչ նպատակով», որպեսզի «չզռռա», որ ինքը զբաղված է գեթ մեկ, միայն ու միայն մեկ երկրի՝ իրեն քաղաքականության մեջ որպես ֆավորիտ դիտարկող ՌԴ-ի «երաշխավորված խաղաղարարի» լոբբինգով։ Ակնհայտ է, չէ՞, որ միայն ՌԴ-ի անունը հիշատակելու դեպքում միանգամից հաջորդելու էր փաստարկված հակադարձումը՝ ՌԴ-ի, որպես անպետք, անվստահելի գործընկեր, եթե կուզեք՝ «саботажник» լինելու մասին, ինչի ամենավերջին ու թարմ ապացույցը հայաթափված ու Ադրբեջանին հանձնված Լեռնային Ղարաբաղն է, այդտեղ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 5 տարի ժամկետով տեղակայված, բայց ժամկետից շուտ՝ երկու տարի առաջ այս օրերին առաքելությունն ավարտած ու «ռադը քաշած» խաղաղապահ զորակազմը։ Այն զորակազմը, որի պատասխանատվության գոտում պատառ-պատառ հանձնում էր Ղարաբաղը։ Թեև երկրորդ նախագահի լոբբիստական ջանքերը՝ ՌԴ-ին ՀՀ-Ադրբեջան խաղաղության «վերակացու» կարգելու ուղղությամբ, ողորմելի են ու վկայում են ջանքեր գործադրողի անինքնասեր լինելու մասին, սակայն պետք է վերջինիս արժանին մատուցել՝ «եղբայրական երկրի» նկարագիրը այսպես դիպուկ տալու համար։ Այո՛, երիցս ճիշտ է Քոչարյանը, երբ ակամա խոստովանում է՝ ՌԴ-ի համար ՀՀ-ի անվտանգությունը և դրանից ածանցվող հանգամանքները (առավել ևս՝ խաղաղությունը) «բնավ էլ ամենից կարևոր հարցը» չեն եղել, չեն և չեն լինելու։ Ոչ էլ ժամանակին Ղարաբաղի հարցը, առավել ևս՝ ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծումը՝ երկու երկրների միջև հաստատվելիք խաղաղության ելքով։ ՌԴ-ին պետք էր և է կոռումպացված, տնտեսապես, անվտանգային առումով կախյալ, վիզը ծուռ, դաշնակից երկրի բարեհաճությանն ապավինող, թուլացած, հյուծված, կարճ ասած՝ ֆորպոստային Հայաստան, որպիսին ունենալու համար նրան պետք էր ձգձգվող ու չլուծված Ղարաբաղյան կոնֆլիկտ, ոչ խաղաղություն-ոչ պատերազմ մշտական ռեժիմ, որպեսզի «հաշտարար միջնորդի» իր դերի մեջ մտած գար, կողմերին հորդորեր նստել բանակցային սեղանի շուրջն ու․․․ «Արջամկան օրը» ֆիլմի տրամաբանությամբ՝ «վաղն ամեն ինչ սկսել նորից»։ Այժմ, երբ խաղաղությունը դուրս է եկել սույն ֆիլմի սյուժետային տրամաբանությունից ու բացառապես երկու սուվերեն երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների ռեժիմ է տեղափոխվել (ռեժիմ, որը խորթ է Քոչարյանի տիպի գործիչների ստրկամիտ աշխարհընկալմանը), ՌԴ-ն պետք է ձգտի ՀՀ-ում դրածո կարգել մեկին, որը Հայաստանը կվերադարձնի նախկին՝ նախակոնֆլիկտային կարգավիճակին։ Արդ, ե՞րբ կարող է ՌԴ-ն ազդեցություն ունենալ ՀՀ-ի սուվերեն որոշումների վրա՝ երբ այդ որոշումներով պայմանավորված հարաբերությունների վրա ազդեցության լծակներ ունենա «երաշխավորի» կարգավիճակում։ Նախկինում եթե այդ կարգավիճակը կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը նպաստող միջնորդի կարգավիճակն էր՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ապա այժմ հետկոնֆլիկտային՝ հաստատված խաղաղության պայմաններում խաղաղության երաշխավորի կարգավիճակը պետք է լինի։ ՌԴ-ին օդի պես պետք է միջնորդական այս նոր կարգավիճակը հատկապես այժմ՝ ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկաս գալու, «Զանգեզուրի միջանցք» խոսույթը գրողի ծոցն ուղարկելու ու ԹՐԻՓՓ նախագիծ գործարկելու հանձնառության պայմաններում։ Ռ․ Քոչարյանի՝ ընտրապայքարի մեջ մտնելու գլխավոր նպատակը հենց այդ՝ ՌԴ-ի այդ նոր կարգավիճակը գեներացնելն ու կյանքի կոչելն է։ Եթե իհարկե ՀՀ ընտրողներն այնքան նաիվ լինեն, որ քվե տան Հայաստանի ֆորպոստացման ապագայի համար։
Իսկ նախքան այդ՝ մի քանի ապացույց, որ Քոչարյանը ճիշտ է, երբ ասում
է, որ Հայաստանի անվտանգային խնդիրները (հետայսու էլ՝ հաստատված խաղաղության «երաշխավորումը»)
ամենից կարևոր պրոբլեմը չեն ՌԴ-ի համար։
Հիշեցնենք՝ երբ 2021-ին և 2022-ին ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն
տարածք ներխուժեցին, և ՀՀ-ն դիմեց անվտանգային «երաշխավոր» ՀԱՊԿ-ին, այդ անդամալույծ
կառույցը՝ ՌԴ-ի հեգեմոնությամբ, մատը մատին չտվեց ՀՀ-ի նկատմամբ պայմանագրով «երաշխավորված»
իր պարտականությունը կատարելու՝ ռազմական ագրեսիային արձագանքելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում էլ, որպես «երաշխավորված»
միջնորդ, ՌԴ-ն չկանխարգելեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան ԼՂ-ի նկատմամբ։ Ընդհանրապես,
այդ երկիրը, որը արդեն չորրորդ տարին է՝ պատերազմում է Ուկրաինայի դեմ, թքած ունի միջազգային
բոլոր՝ ինստիտուցիոնալացված երաշխիքների վրա։ Ու այսքանով հանդերձ, փաստորեն, ըստ Քոչարյանի
լոգիկայի, պետք է գա ու երաշխավոր կանգնի ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը։ Նախկին նախագահը
տեսնես երբևէ լսե՞լ է «գելին գառան գլխին պահակ չեն կարգի» առածը, թեև Հայաստանն
այլևս հաղթահարել է «մատաղացու գառան»
կարգավիճակը։ Երկիր է, որի ճակատագիրն այլևս տարբեր տեղերում չեն որոշում, թե՝ «ոնց
և ինչքան մեզ մորթեն և ինչքան՝ ներեն»։
Հեղինե Մանուկյան