ԵՄ-ն Հայաստանին միայնակ չի թողնի
արտաքին միջամտության դեմ հանդիման։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության
քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հայտնելով, որ ԵՄ-ն
Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին
երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին: Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում ժողովրդավարական
դիմակայունությանն աջակցելը շարունակում է մնալ առաջնահերթություն:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
Նա նշեց, որ Հայաստանը նախորդ տարվա վերջին ձևավորել է ռազմավարական
նոր օրակարգ, որն ընդգրկում է նախկին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, գումարած՝ անվտանգային
կոմպոնենտը, և այս հիբրիդային սպառնալիքների դիմագրավման, կանխման առումով ԵՄ-ի կոմիսարի
այդ հայտարարությունը բխում է հենց այդ ռազմավարական օրակարգի անվտանգային կոմպոնենտի
տրամաբանությունից։
Հարցին՝ բավարա՞ր է արդյոք այս աջակցությունը լուծելու համար խնդիրը՝
հատկապես նախընտրական թոհուբոհի ժամանակահատվածում, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող
նման պնդում անել՝ բավարար
են դրանք, թե ոչ, բայց կարծում է, որ բուն պարտավորությունը
և անելիքը Հայաստանի պետական մարմիններինն է։
«Ուղղակի Հայաստանի պետական մարմինները գտել են,
և դա օբյեկտիվ հիմք ունի՝ հաշվի առնելով այլ պետությունների օրինակները, հանձինս Մոլդովայի,
Ռումինիայի, որ նման աջակցությունը տեղին կլինի, կօգնի իրապես, որպեսզի պետական ինստիտուտները
ամբողջությամբ դիմագրավեն այն արտաքին միջամտություններին, որոնք գալիս են հենց Կրեմլից,
նաև գալիս են Բաքվից՝ որոշ առումով։ Այնպես որ, այդ աջակցությունն անհրաժեշտ է, բայց
աջակցությունը չի կարող բոլոր խնդիրները լուծել, որովհետև մենք չենք կարող ձեռնունայն
նստել, անգործության մատնվել, ասել՝ դե մեր փոխարեն կաշխատեն։ Չի լինելու այդպիսի բան»,-
ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը կարծում է, որ
հիբրիդային հարձակումների գործիքակազմը կարող է լինել շատ լայն, առաջին հերթին դա ապօրինի
ֆինանսավորումն է, որովհետև առանձին քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերը վերահսկելը
կամ դրանց խողովակների բացահայտումը, կանխումը բավականին լուրջ գործ է և լուրջ աշխատանք
է պահանջում, մյուսը՝ լայնածավալ ապատեղեկատվությունն է, որին արդեն իսկ առնչվում ենք,
հաջորդը մթնոլորտի թեժացումն է, մասնավորապես այնպիսի պատկերացումների ու տպավորությունների
ձևավորմամբ, որ իբրև թե այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է ՀՀ-ն, անելանելի
է, և մենք ապոկալիպսիսի մեջ ենք ապրում։
«Հաջորդն իհարկե թիրախավորումն է։ Թիրախավորել բոլոր
այն անձանց և ուժերին, որոնք ունեն հստակ դիրքորոշում՝ Հայաստանում ժողովրդավարական
զարգացումները, ինստիտուտները և արժեքները պահպանելու առումով։ Այսինքն՝ ըստ էության,
այս ընտրություններում առանցքային խնդիր է դառնում ժողովրդավարական զարգացման հնարավորությունների
պահպանումը կամ դրանց վերացումը, և այս առումով իհարկե հաշվի առնելով, որ հիմնական
սպառնալիքները ՌԴ-ից են, որը չի էլ թաքցրել»,- ասաց Արթուր Սաքունցը։
Նա իհարկե չբացառեց նաև հիբրիդային
սպառնալիքներ Ադրբեջանի կողմից, ինչը շատ ավելի ուշադրության կենտրոնում է գտնվելու
որոշ քաղաքական ուժերի կողմից, քան հենց նույն ՌԴ-ի կողմից՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ տեսակետից
ավելի լուրջ սպառնալիքներ։
Խոսելով նաև այն մասին, որ թե՛
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, թե՛ ռուսական այլ շրջանակներ խիստ անհանգստացած են Հայաստանում
մոլդովական սցենարի կրկնությունից, Արթուր Սաքունցն ասաց․ «ԵՄ-ն անելու է նույն բանը,
և մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կաջակցի մեզ։ Բայց այդտեղ առաջին հերթին Մոլդովայի պետական
մարմիններն են այդ հանձնառությունը վերցրել, այդ ջանքերը գործադրել, որոնցում աջակցություն
են ստացել ԵՄ-ից, և դրանից իհարկե դժգոհ է Լավրովը, որովհետև իրենց ավանտյուրան, իրենց
հարձակումները, կոպտագույն միջամտությունը հայտնի՝ այդ վտարանդի կամ քրեական հետապնդումից
փախած օլիգարխի միջոցով, չեն ստացվել, հաջողության չեն հասել, և շատ դժգոհ են։ Եվ պետք
է նման դժգոհություն ունենան նաև Հայաստանի կոնտեքստում
առաջիկա ընտրություններից հետո։ Սա է մեր նպատակը»:
Ի հավելումն՝ Արթուր Սաքունցն
ասաց, որ ի գիտություն լավրովների և նրա արբանյակների, մի քանի տասնամյակ, անգամ նախորդ
ռեժիմների ժամանակ, Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցություն եղել է։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան