Դաշնակցությունը ասել կուզի՝ 2022-ին փլուզված «Հայաստան» խմբակցությունը, որի անդամների մեծամասնությունը դաշնակցական են, համալիրում ժողով արեց։ Բայց ոչ թե հայտնի երգի մոտիվներով՝ «շուն Թալեաթին մահը որոշեց», այլ՝ սեփական քաղաքական մահը։ Եվ ուրեմն, կարիք չկա ծնծղաներ հնչեցնելու, թմբուկներ զարկելու, կարմիր խալի-խալիչա փռելու՝ ավետելով, որ 135-ամյա ավանդական կուսակցությունը որոշել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ, սեփական վարչապետի թեկնածուով՝ դուրս գալով Ռոբերտ Քոչարյանի թևի տակից, ինքնուրույն անցնել իր քաղաքական փշոտ, բայց՝ «փառքի ճամփան», եթե, իհարկե, փառքն ու ՀՅԴ-ն համատեղելի հասկացություններ են։
Սենսացիա, փաստորեն, տեղի
չունեցավ, ՀՅԴ-ն չօգտվեց այն հանգամանքից, որ Ընտրական օրենսգրքով կուսակցությունների
համար իջեցվել է խորհրդարան անցնելու շեմը՝ դառնալով 4 տոկոս։ ՀՅԴ-ն որոշեց շարունակել
բարդացնել իր դրությունը՝ «մե խինդ, մե ուրախուչուն» մթնոլորտում ազդարարելով՝ որպես քաղաքական համագործակցության հարուստ փորձառություն
ունեցող կուսակցություն որոշել է հերթական անգամ գնալ անփառունակ ճանապարհով, այն
է՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու է Քոչարյանի հետ ու Քոչարյանի պրոյեկտ
«Առաջ Աջակենտրոն»-ի հետ դաշինքով։ Փաստորեն, իր 135 տարեկան «հալով» «թայ» դառնալով ընդամենը երեկ ստեղծված ինչ-որ քաղաքական կազմակերպությանը։ Փաստորեն,
որոշելով շարունակել սպասարկել մեկի ամբիցիաները, որն ի տես իր՝ ՀՅԴ-ի հետ գործակցության,
Հայաստանի քաղաքական մշակույթ է ներմուծել համագործակցության նոր ֆորմատ՝ «քաղաքական
թրաֆիքինգ»-ը, այս էլ որերորդ «սրոկը» շահագործելով իր երկու տարիքն ունեցող կուսակցությանը՝
քոքից էլ անդին։
Հայաստանի քաղաքական դաշտի
սպեցիֆիկան լավ իմացողները գուցե հորդորեն մեզ մի կողմ դնել ավելորդ սենտիմենտը՝ արձանագրելով՝
«քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,
«նպատակն էլ արդարացնում է միջոցները»։ Արդ, մի կուսակցություն, որը ժամանակին գործակցել
է երիտթուրքերի, բոլշևիկների հետ, Քոչարյանն ո՞վ է, որ չգործակցի։ Թերևս համաձայնենք
այս արձանագրման հետ։ Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն
իր հայդատական դիրքավորմամբ չի կարող և չէր կարղ գործակցել պոզիտիվ օրակարգի շուրջ,
սատարել այնպիսի քաղաքական առաջնորդի, որը
կոնստրուկտիվ, ոչ կոնֆլիկտային օրակարգ է սպասարկում։ ՀՅԴ-ն իր անելիքը տեսնում է այնտեղ,
որտեղ «զարկել ճակտին, փռել գետնին» ռազմահայրենասիրական օրակարգն է, ՀՅԴ-ն իրեն տեսնում
է այն առաջնորդի կողքին, որը «Արարատը մերն
է», «հընգեր ջան, գինի լից» ոճի կենացների, հարևանների հետ հարաբերությունների կոնֆլիկտային
տրամաբանությունը շարունակելու ջատագովն է։
Խնդիրն այն է, որ հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորված հարաբերությունները՝
սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, կապուղիների ապաշրջափակումը,
խաղաղության պայմանագրի կնքումը դեմ են ՀՅԴ-ի, որպես կուսակցության, կենսական շահերին։
Եվ այդ իրողությունների գոյությունը կնշանակի վերացնել այն կենսապայմանները, որոնք
հենց ՀՅԴ-ի, որպես հայդատական ուժի գոյության, երաշխիքն են։ Արդ, Քոչարյանն այն իդեալական
առաջնորդն է, որը երաշխավորում է կոնֆլիկտային
տրամաբանության շարունակությունը՝ այսպիսով երաշխավորելով ՀՅԴ-ի կենսունակությունը։ ՀՅԴ-ն էլ, որպես հայդատական
գծի անշեղ դավանորդ, իր հերթին երաշխավորում
է Քոչարյանի ամբիցիաների կենսունակությունը։ Այս «զույգը» պետք է մեկը մյուսին այնքան
ժամանակ, քանի դեռ չի իրագործել աշխարհաքաղաքական հայտնի կենտրոնի կողմից իրեն իջեցված
հանձնարարականը, որի ամփոփ նկարագիրն, ի դեպ, տրված է ՀՅԴ-ի հայտնի 004 շրջաբերականում։
Հետևապես 2018-ի թավշյա հեղափոխությունից
հետո քաղաքական դաշտում հաստատված ստատուս
քվոն հուշում է՝ Դաշնակցությունը չի ունեցել և չունի այլ անելիք, քան․․․ ընդամենը մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի սադոմազոխիստական կապրիզները
«կուսակցական ֆանատիզմով» բավարարելը։ ՀՅԴ-ն, փաստորեն, պատրաստ է դառնալ այդ ամբիցիաների իրացման փայտամածը՝ կենցաղային լեզվով՝ «խարաչոն», որի միջոցով երկրորդ նախագահը պետք է հերթական անգամ փորձի կառուցել իր «Բաբելոնյան աշտարակը»՝ զավթել ՀՀ վարչապետի աթոռը։
Եթե իհարկե դա թույլ տա Հայաստանի ժողովրդավարության, ազատ, արդար ընտրությունների աշտարակը 2018-ին կառուցած, 2021-ին վերակառուցած, 2026-ին էլ ամրացնել պատրաստվող ժողովուրդը՝ ՀՀ քաղաքացին։
Հ․ Մ․