Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները երեկվանից իրենց ձևով լծվել են «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անունը «Միշիկ» անվան կողքին հոլովելով՝ միաժամանակ նախատելով, թե՝ աղջիկ ջան, տիկին ջան, վերջապես՝ ջանիկ ջան, ուշքի արի, էս ի՞նչ ձև է, գնացել եթեր, էս ի՞նչ «ձև» ես խոսում ու ամենակարևորը՝ ում և ինչի մասին։ Քոչարյանականների ագրեսիայի պատճառը, կարելի է ենթադրել, «Ֆրինյուզի» տաղավարում արած հայտարարությունն էր, թե՝ բացառվում է խորհրդարան անցնելու դեպքում ՀՀ նախկին առաջնորդների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միավորումը։ Եվ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումից է կախված լինելու՝ ով է լինելու ՀՀ վարչապետը, այս դեպքում հնարավո՞ր է ձեր ձայնը տաք երկրորդ նախագահին, որ նա դառնա վարչապետ, Մելոյանը հստակ, հատու ազդարարեց՝ «մենք էս իրավիճակում ասել ենք մեր կարմիր գծերն ու սահմանները՝ նախ իշխող ուժի հետ չենք գնալու կոալիցիայի, բայց հակառակը՝ հնարավոր է, երկրորդ նախագահի՝ ևս»։ Իսկ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ «Ուժեղ Հայաստան»-ի ձայնից կախված լինի, թե ով է լինելու ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, ապա ուժեղները նորեն կմնան անդրդվելի՝ «շախմատային պատառաքաղ գոյություն չի ունենալու», ասում է Մելոյանն ու վերահաստատում՝ ասինք՝ չէ, էլի, նյետ, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տալու։
ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի սանուհի
տիկին Մելոյանի ու մյուս ուժեղների գծած «կարմիր
գծերին» երկրորդ նախագահի թիմի որոշ անդամներ շտապեցին «դեղին քարտ» ցույց տալ։ Նրանցից
մեկն, օրինակ, ֆեյսբուքյան գրառմամբ շշեց տիկին Մելոյանին՝ նրան անվանելով «Միշիկի կանխատեսելի նռնակը «Ուժեղ Հայաստանի»
ծոցում», որն «իրեն իրավունք է վերապահում մի ամբողջ կուսակցության անունից որոշելու, թե ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում հայտնվելու դեպքում այդ կուսակցությունը իրեն ոնց կդրսևորի»: Քոչարյանական սույն ակտիվիստն ընդհուպ Ֆեյսբուքում նշել էր
Նարեկ Կարապետյանին ու պահանջել պատասխանել՝
«դուք է՞լ նման մոտեցում ունեք կամ ողջ կուսակցությունը: Ըստ ձեր ձևովի Գոհար Մելոյանի՝ կարելի է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը, դո՞ւք էլ եք նմանակարծիք: Այս խոսքերը ձեր ողջ կուսակցության վերաբերմո՞ւնքն է հետընտրական զարգացումներին, թե՞ ուղղակի Գոհար Մելոյանին կարելի է ինչ ուզել արտաբերել։ Արտահայտվելը, Նարեկ, պարտադիր է հենց ձեր ընտրողի հետ ազնիվ լինելու համար, Հայաստանի քաղաքացիների և ընդդիմության համար»:
Մելոյանին
շշպռելու հերթում կանգնած մեկ այլ քոչարյանական էլ տեսաուղերձով հանդես եկավ, թե՝ դեպքը, որը տեղի է ունեցել այսօր, «անարձագանք թողնելը հանցագործություն է»։ Փաստորեն,
կուսակցության դիրքորոշում արտահայտելը քոչարյանականների
համար «դեպք է», համարյա՝ պատահար, արագ արձագանքման արժանի դեպք։ Սույն օգտատերը նույնպես
երեսով տվեց Մելոյանի միշիկական աֆիլացիան` հորդորելով «մեր ձևովականներին» շաբաթօրյակ
իրականացնել իրենց շարքերում։ «Մարդ, որը կապված է Միքայել Մինասյանի հետ, դա քանդման,
պառակտման հոմանիշն է և հիմնական նպատակներից շեղվելու հոմանիշն է։ Սա փեսա միշիկի
ձևո՞վ է, թե՞ ձեր ձևով»,- ձևականներին շշպռեց Քոչարյանի աջակիցն ու սպառնաց՝ «շաբաթօրյակի չիրականացման դեպքում հաջորդիվ
դիտարկումները լինելու են ավելի ռացիոնալ և ավելի ցավոտ»։
Մինչ ուժեղ
ձևովականները սկսեն շաբաթօրյակի պրոցեսը՝ փորձենք հասկանալ Քոչարյանի թիմի փոթորկման
պատճառը, որի ակնարկն, ի դեպ, լսելի է քիչ վերևում հնչած մեջբերման մեջ, այն է՝ «հիմնական նպատակներից շեղվելը»։ Իսկ հիմնական նպատակը, նույնիսկ
ոզնուն է հասկանալի, փորձառու, ճգնաժամային կառավարիչ, միակ տղամարդ Քոչարյանին վարչապետ դարձնելն է։
Դա անելու
մեթոդ-մեխանիզմի մասին վերջինս ազդարարել է քանիցս՝ «Գյումրի 2», օրերս էլ իր կողմից
ղեկավարվող «Հայաստան» դաշինքի համալիրյան հավաքի ժամանակ համազարկ տվեց՝ «միասին կարող ենք»։ Ու հիմա, փաստորեն,
ինչ-որ միշիկական «նռնակ» (բնորոշումը, հիշեցնենք, մերը չէ) գնում է եթեր ու «պայթեցնում»
ձեռք բերված պայմանավորվածությունը, «միասին կարող ենք»-ին պատասխանում է՝ «մենակով,
մեր ձևով անելու ենք», այն է՝ Քոչարյան, մոչարյան, երկրորդ, մերկրորդ չգիտենք, մասնակցում
ենք ընտրություններին, մաշըցնելու ենք, կռելու ենք, չուզողի աչքն էլ հանելու ենք։
Սա այն դեպքն
է, երբ պետք է հայտնի ֆիլմի մոտիվներով հորդորել «ձևականներին» ու Քոչարյանի «աջարակիցներին»՝
հանգի՛ստ նստեք տեղներդ, ընկերներ, այստեղ թյուրիմացություն կա, եկեք պարզենք։ «Տակառիկը»
ոչ մեկինդ էլ չէ, ճիշտ է, ամեն մեկդ ժամանակին դրա պարունակության վրայից անձամբ կամ
միջնորդավորված՝ հայրիկ-հոպարների միջոցով
ֆլթացրել եք, արբեցել ու համը բերաններումդ է մնացել, բայց տակառիկի տիրոջը
հունիսի 7-ի ընտրությունների օրը որոշելու է ժողովուրդը, ՀՀ քաղաքացին, ոչ թե «ընկեր
պետը» կամ նրա տեղակալը։ Իսկ նախքան այդ թույլ
տվեք հարցնել՝ պարոնայք «գարսևաններ», լյարդնե՜րդ ոնց ա, լյարդնե՜րդ․․․
Հեղինե Մանուկյան