Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանի վերաքննիչ բողոքը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։
Պատգամավորի ներկայացուցիչ Ս. Պողոսյանը, ինչպես հայտնի է, հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Ազգային ժողովի 11.07.2023թ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» թիվ ԱԺՈ-76-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Ա. Չիլինգարյան) 01.08.2023թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումի ընդունումը
մերժել էր։ Վարչական վերաքննիչ դատարանը, քննելով բողոքաբերի հայցը, իր հերթին մի շարք պատճառաբանություններ և եզրահանգումներ է վկայակոչել։ Մասնավորապես՝ Դատարանը փաստել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններն ԱԺ քաղաքական կամքի ձևավորմանը նպաստող խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով որոշված խմբակցությունը, մասնավորապես՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը խմբակցությունների միջև բաշխվում է մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը՝ ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է սահմանված բանաձևով...
Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելը չի հանդիսանում ԱԺ պատգամավորի (որպես հանրային ծառայության մեջ ընդգրկված հանրային պաշտոն հանդիսացող պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայություն իրականացնող անձի) իրավունքը, և ըստ դրա՝ ԱԺ մշտական հանձնաժողովի պաշտոնում ընտրվելը չի հանդիսանում ԱԺ պատգամավորի (որպես հանրային ծառայության մեջ ընդգրկված հանրային պաշտոն հանդիսացող պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայություն իրականացնող անձի) իրավունքի իրացման արդյունք։ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելը հանդիսանում է օրենքով սահմանված կարգով համապատասխան բանաձևով հաշվարկված գործակցի ստացման արդյունքում որոշված Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստող խմբակցության իրավունքը, և այդ խմբակցության առաջադրած թեկնածուի ընտրվելն ու տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը հանդիսանում է համապատասխան խմբակցության իրավունքի իրացման և այդ հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընտրության արդյունք:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թե՛ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրվելու, թե՛ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացներն ու արդյունքները կապված չեն Ազգային ժողովի պատգամավորի՝ որպես հանրային ծառայության մեջ ընդգրկված հանրային պաշտոն հանդիսացող պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայություն իրականացնող անձի հանրային ծառայություն իրականացնելու հետ:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Թագուհի Թովմասյանի կողմից ներկայացված հայցապահանջի առարկա կազմող ՀՀ Ազգային ժողովի 11.07.2023թ. որոշման վերաբերյալ վեճը չի հանդիսանում վարչական դատարանին ընդդատյա գործերի մեջ ներառված, հանրային ծառայություն իրականացնելու և հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճ...
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վարչական դատարանի ցանկացած միջամտություն իշխանության ճյուղ հանդիսացող օրենսդիր իշխանությունն իրականացնող Ազգային ժողովի գործառույթների ոլորտին ոչ միայն կխաթարի իշխանությունների ներճյուղային՝ գործառույթ-ինստիտուտ-լիազորություն համակարգի ներդաշնակությունը, այլ նաև կհանգեցնի իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը:
«Ամփոփելով ամբողջ վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Թագուհի Թովմասյանի կողմից վարչական դատարանի լուծմանը հանձնված վեճը չի հանդիսանում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ, չի հանդիսանում հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճ, հետևաբար, անհիմն գնահատելով հակառակի վերաբերյալ բողոքաբերի փաստարկները, եզրահանգում է, որ Դատարանը ճիշտ է գտել, որ ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման։ Վերոգրյալ ամբողջի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքում նշված հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի 01.08.2023թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից՝ ...Վերաքննիչ դատարանը որոշել է հայցվոր Թագուհի Թովմասյանի բողոքը մերժել՝ ՀՀ վարչական դատարանի 01.08.2023թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում»,- նշված է datalex.am տեղեկատվական համակարգում
հրապարակված ծավալուն որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանն այս պաշտոնում ընտրվել էր «Հայաստան» խմբակցության քվոտայով։
Հ. Մ.