«Խաղաղությունը որպես երևույթ ու իրողություն ընկալման, մարսման փուլում է ինչպես քաղաքացիների կողմից, այնպես էլ մեր կողմից՝ որպես այդ քաղաքացիների մի փոքր հատվածը կազմող քաղաքական ուժի։ Մենք, որպես քաղաքական ուժ, դրել ենք խաղաղության հիմքը, որի պտուղները պետք է քաղեն քաղաքացիները»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ՀՀ քաղաքացին բավականաչափ տեղեկացվա՞ծ է խաղաղության մասին, որպեսզի հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, ինչպես ՔՊ նախընտրական կարգախոսն է կոչ անում, տեր կանգնի դրան։ Ազարյանը նշեց նաև, որ խաղաղությունը արդեն իսկ շոշափելի է, քանի որ երկու տարի է, ինչ սահմանին կրակոց չի հնչում։ «Սա կարևոր ցուցիչ է այն մասին, որ խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի։ Մենք պետք է մեր ամենօրյա խնամքի շնորհիվ ոչ թե ժամկետներ սահմանենք խաղաղության համար՝ 10 տարի, 20 տարի, այլ որպես ՀՀ քաղաքացիներ անենք այնպես, որ խաղաղությունը վերածվի շարունակական գործընթացի ու դառնա հարատև։ Սա կարող է տեղի ունենալ ՀՀ քաղաքացու երաշխավորությամբ՝ նախ՝ քվեարկությամբ, հետագայում՝ իր մշտական աշխատանքով։ Երաշխավորված խաղաղությունը հենց սա է»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ընդդիմադիր տարբեր
ուժերի խոստումներին, թե՝ կգան, կբերեն ուժեղ, երաշխավորված խաղաղություն, Ազարյանը
նկատեց՝ ուժեղ ու երաշխավորված խաղաղության միակ երաշխավորը ՀՀ քաղաքացին է։ Կառավարող
ուժի ներկայացուցիչը կիսվեց նաև քաղաքացիների հետ իր շփումներից ստացած տպավորություններով՝
նկատելով՝ ՌԴ նախագահի ասած «ռուսամետ» գործիչներից մեկի՝ «երաշխավորված» խաղաղություն
խոստացող Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս մարդիկ հայտարարում են՝ «ով ուզում է լինի,
մենակ թե Քոչարյանը չլինի»։
Անդրադառնալով Քոչարյանի իրավահաջորդի՝
երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին չմասնակցելու
մասին որոշմանը՝ Ազարյանը հեգնեց՝ այս «բոթից» հետո քաղաքական դաշտը, ինչպես երևում
է, մեծ կորուստ չի կրել, չի ցնցվել, առավել
ևս՝ չի սգում ՀՀԿ-ի համար։ Պատգամավորը չբացառեց,
որ Սերժ Սարգսյանի փաստացի կառավարման ներքո գտնվող «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ
անդամներ տեղ գտնեն այլ ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներում ու այսպես մասնակցեն
ընտրություններին։ ՀՀԿ-ի մատնանշած «ոչ անմիջական մասնակցությունը» ընտրություններին
գուցե մասնակցության հենց այս ձևի մասի՞ն է։
Ջուլիետա Ազարյանի հետ զրուցել
ենք նաև «Սուրբ Աննա» եկեղեցում օրերս տեղի ունեցած միջադեպի, դրա՝ կազմակերպված լինել-չլինելու
և այլ հարակից հարցերի մասին։ Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան