«Վանանդ կաթի» արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

 

Մասնավորապես՝

 


- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները,


- սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը և չի նպաստել խոնավության խտացման նվազեցմանը,


- արտադրամասից դեպի պանրի աղաջրային տարողություններով տեղամաս տանող դուռը պատրաստված չի եղել չներծծող նյութերից,


- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։


 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:


 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։