ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական
ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ
են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին
ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն
իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող
ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի
կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց
տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության
մատուցում։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ Դիտարկմանը,
որ այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, պատգամավորն ասաց․ «Ես կարծում եմ, որ ոչ
թե այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, այլ իրենք ուրիշ կերպ չեն էլ պատկերացնում իրենց գործունեությունը։
Եվ սրանից առաջ էլ էր նման դեպք բացահայտվել՝ այլ ուժի հետ կապված, Էջմիածնի ընտրությունների
հետ կապված, նորից Հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտարարություն տարածել, նորից ձայնագրություն
էր դրված, իհարկե դա անցած ընտրությունների վերաբերյալ էր, սակայն իմաստը նույնն է:
Կան մարդիկ, որոնք շարունակում են նույն գործունեությունը ծավալել՝ առանց հասկանալու,
որ ընտրակաշառք ստանալը, առաջարկելը, ընդհանրապես նյութապես շահագրգռելը ընտրությունների
ժամանակ, քարոզարշավային շրջանակներում կամ ընդհանրապես ընտրությունների հետ կապված
քրեորեն պատժելի արարք է»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում
են մնալ անուղղելի, նման արարք են կատարում, հետո սկսում են տարբեր պատճառաբանություններով
հանդես գալ՝ ասելով, որ կին են, անչափահաս են, տարատեսակ սոցիալական բաներ են մեջբերում,
թե այս մարդիկ ինչու չպիտի պատասխանատվության ենթարկվեն՝ առանց հասկանալու, որ մարդկանց
նյութապես շահագրգռելը չի հարցնում՝ ով է դա, ինչ է դա, մեծ է, փոքր է, երիտասարդ է։
Ի հավելումն նա ասաց, որ ուժեղ
անվան տակ միայն թույլերը կարող են նման գործունեություն ծավալել։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան