ՔԿ-ն՝ Բրյուսովի համալսարանի պրոռեկտորին և ամբիոններից մեկի վարիչի պաշտոնակատարին բերման ենթարկելու մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով Երևանի Մինսկի փողոցից բերման էին ենթարկել 38 և 37-ամյա տղամարդիկ, որոնցից մեկը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորն է, մյուսը՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը:

Դեպքի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց հետևյալը. «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել երկու անձի կողմից առերևույթ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի  ապօրինի շրջանառելը, իրացնելը ), նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ ներկայացված երեք փաթեթի պարունակության բնույթը տեսակը պարզելու համար։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»: