«Մեր արձանագրումն է՝ ինչպես
արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն
է։ Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ բոլոր հարաբերություններում լեգիտիմությունն
առանցքային գործոն է, այդ թվում՝ անհատական հարաբերություններում, համայնքային հարաբերություններում
և այդպես շարունակ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական
ծրագիրը։
Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում
է ներքին անվտանգությանը, որի խոսույթը հետևյալն է. ներքին անվտանգության հայեցակարգը
նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին։
Վարչապետի խոսքով՝ ներքին լեգիտիմության
աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը և պետություն ունենալու նրա գործնականացված
կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների
անառարկելի լեգիտիմությամբ։
Քաղաքագետ Գագիկ Քամալյանը կարծում
է, որ ընդհանրապես ներքին լեգիտիմությունը ոչ միայն պետական կյանքի կազմակերպման, այլ
նաև հասարակական հարաբերությունների տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի։
«Ընդհանրապես ժողովրդավարական
երկրներում լեգիտիմությունը ժողովրդավարության ամենակարևոր խմորիչն է։ Եթե չունես ներքին
լեգիտիմություն, ապա շատ դժվար է կառավարել թե՛ պետությունը, թե՛ նաև հասարակական կյանք
ասվածը»,- ասաց Գագիկ Քամալյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի այն
հայտարարությանը, որ ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման
նպատակով իրականացնում է սահմանափակումներ, քանի որ առանց սահմանափակումների կիրառման
հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ, Գագիկ Քամալյանն ասաց, որ սա նպաստում
է, որպեսզի հասարակական հարաբերությունների մշակույթը կայանա սահմանադրորեն։ Գագիկ
Քամալյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է այդ ներքին լեգիտիմությունը
հաստատելու և հասարակությանը գիտակցական նոր մակարդակի հասցնելու համար։
Խոսելով նաև վերջերս վարչապետի
և նրան հարվածելու փորձ արած երիտասարդի միջադեպի մասին, երբ ընդդիմությունը վարչապետի
անվտանգության աշխատակիցների օրինական գործողությունները փորձում էր որպես բռնություն
ներկայացնել, Գագիկ Քամալյանն ասաց․ այստեղ կա երկու հարթություն, մի հարթությունը քարոզչականն
է, այսինքն՝ կազմակերպված կերպով փորձ են անում խաղալ հասարակության էմոցիաների վրա,
օրենքին, օրենքի գերակայությանը փորձում են հակադրել ինչ-որ էմոցիոնալ բնորոշումներ՝
անպաշտպան կին է, կերակրող մայր է, անչափահաս տղա է, վատառողջ է և այլն։
«Ես ինքս ռադիկալ ընդդիմություն
եմ եղել, բայց ունեի մի շատ կարևոր սկզբունք՝ իմ ընդդիմադիր լինելը տարածվում էր իշխանության
վրա, ոչ թե պետության։ Այս մարդկանց դեպքում ընդդիմադիր լինելը, ռադիկալ տրամադրվածությունը
շրջանցում է իշխանությանը և հասնում է պետությանը։ Երբ որ մենք ընդդիմադիր էինք, իսկ
այն տարիներին հասկանում եք, թե այդ ավտորիտար պայմաններում ընդդիմադիր լինելն ինչ
էր նշանակում, այն ժամանակ որևէ մարզիկ, որևէ արտիստ շատ հազվադեպ
էր լինում, որ ընդդիմությանը պաշտպանեին, հիմնականում բոլորը կարծես թե լոյալ էին իշխանությանը
կամ լուռ էին։ Բայց մենք ոչ մեկին չէինք թիրախավորում, ոչ մեկի հանդեպ ատելություն
չէինք տարածում։ Այս պրոցեսի մեջ երեկվա Արթուր Աբրահամի դրվագը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ
է եղել, ընդամենը շնորհակալություն է հայտնում, տեսեք՝ ինչպես թիրախավորեցին։ Սա խոսում
է այն մասին, որ այս մարդիկ ոչ միայն քաղաքականապես են հիվանդ, նաև մշակութապես են
հիվանդ»,- նշեց Գագիկ Քամալյանը։
Ամփոփելով, թե որքան կարևոր է ներքին լեգիտիմությունը, նա նշեց, որ դա օրգանապես կապված է արտաքին լեգիտիմության հետ։
«Տարիներ շարունակ ինչո՞ւ էր Հայաստանի արտաքին
քաղաքականությունը նման ողորմելի վիճակում՝ որովհետև չկար ներքին լեգիտիմություն, և դա շղթայաբար
գնում էր նաև դեպի արտաքին աշխարհ։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանը գրեթե
վերածել էին ռուսական պրոտեկտորատի։ Եվ հիմա, երբ որ Հայաստանը փորձում է որոշակի ինքնուրույնություն
դրսևորել՝ բոլոր դժվարություններով հանդերձ, տեսեք՝ Ռուսաստանն ինչպես է մեզ վերաբերվում,
որովհետև նախորդ 20, 25, 30 տարիների ընթացքում հայաստանյան իշխանությունները սովորեցրել
էին Ռուսաստանին, որ մենք պետք է այսպիսին լինենք. սա ևս գիտակցության խնդիր է, պետության
ընկալման խնդիր է»,- եզրափակեց Գագիկ Քամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան