Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով է հանդես եկել դատախազը։ Մեղադրողը միջնորդել է Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը, և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։
ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։
Այսօր Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում ևս գրել է. «24.11.2023թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստով ես եմ հանդես գալու ճառով»։