Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» նոր նախաձեռնության մեկնարկային հանդիպմանը։


Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ։ Այն ուղղված է մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։ Մեկնարկային հանդիպման նպատակն է` ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների, շրջանակի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Այն կծառայի որպես հարթակ՝ տեսակետների փոխանակման, հիմնական առաջնահերթությունների և մարտահրավերների բացահայտման, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության և ներգրավվածության ապահովման համար։


Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ երիտասարդներ,


ուրախ եմ ողջունել ձեզ այս սրահում։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հերթական ծրագիրը սկսելու, ազդարարելու, այլ միասին նոր մշակույթ ձևավորելու համար։


Շատ ուրախ եմ, որ այս ծրագիրն իրականացվում է, որովհետև մենք այս ուղղությամբ շատ ենք աշխատել և շատ ենք կարևորել, և գոհունակությամբ ուզում եմ նշել, որ հասել ենք այս հանգրվանի։


Եկեք լինենք անկեղծ. մենք հաճախ ենք խոսում բարեփոխումների մասին, բայց պետք է խոստովանենք, որ դրանք միշտ չէ, որ տալիս են այն արդյունքը, որին սպասում է քաղաքացին։ Ինչո՞ւ, որովհետև օրենքներ փոխելը հեշտ է, բայց մտածողություն, մշակույթ և վարքագիծ փոխելը՝ շատ դժվար։ Մենք հասկացել ենք մի կարևոր բան. առանց մարդկանց իրական մասնակցության, ներգրավվածության նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող է պարզապես մնալ թղթի վրա։


Այստեղ է, որ ձեր դերը, սիրելի՛ երիտասարդներ, դառնում է առանցքային և վճռորոշ։ Մենք ձեզ չենք դիտարկում որպես «վաղվա օրվա» կադրեր, այս արտահայտությունը ես չեմ սիրում։ Դուք այսօրվա՛ գործող անձինք եք։ Ձեր կրթությունը, նորարար միտքը և նույնիսկ ձեր քննադատական հայացքն այն է, ինչ պետք է պետական համակարգին՝ ավելի արդյունավետ և նպատակային դառնալու համար։


Եվ հենց մասնակցային կառավարման մեխանիզմներն են այն գործիքը, որի միջոցով այս ներուժը կարող է վերածվել կոնկրետ արդյունքի: Այդ մեխանիզմները մեզ համար ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ՝ պետական կառավարման էական բաղադրիչ։ Եվ սա ասում եմ ամենայն անկեղծությամբ և վստահությամբ։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին դառնալ որոշումների կայացման իրական մասնակից, իսկ պետական մարմիններին՝ ավելի ճշգրիտ արձագանքել հանրային կարիքներին։


Համայնքներում մենք հաջողել ենք մասնակցային բյուջետավորումը, որը կարծում եմ, այս տարիների մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է, և այն պարզապես ֆինանսական գործիք չէ։ Սա վստահության կամուրջ է քաղաքացու և պետության միջև։ Երբ դուք մասնակցում եք որոշում կայացնելուն, դուք դառնում եք այդ որոշման տերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ծրագրերի, եթե չասեմ մեծամասնությունը, բայց մի զգալի հատվածը վերաբերում էր երիտասարդներին և պատանիներին։ Իմացել եմ, որ պատանիները մեծերին ներգրավել են, որպեսզի իրենց ուզած նախագծերը քվեարկվեն և անցնեն, և անցել են։


Մասնակցության դերը շատ ավելի լայն է մեզ համար։ Առջևում նաև կարևոր քաղաքական իրադարձություններ են՝ ընտրություններն են, և ձեզնից շատերի համար սա լինելու է քաղաքացիական առաջին լուրջ քայլը։ Մեր նպատակն է, որ ձեր մասնակցությունը չսահմանափակվի միայն ընտրական տեղամաս գնալով։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք ներգրավված, բայց ներգրավված ոչ թե բուն ընտրություններին, այլ՝ ընտրությունից ընտրություն ընկած ողջ ժամանակահատվածին։ Այսինքն՝ ընտրություններն ավարտվեցին, և պետք չէ սպասել հաջորդ 5 տարվա այս կարևոր երկու, երեք ամիսներին, այլ պետք է ներգրավված լինել, որպեսզի այն ծրագրերը, որոնք կան ձեր մտքում, և այն ծրագրերը, որոնք առաջարկում է գործող Կառավարությունը, իրականացվեն, իրականացվեն համագործակցաբար և որակով։


Մեր առաջընթացն այս ուղղությամբ գրանցել ենք ՀՀ Կառավարության տարբեր ճյուղերի, համայնքների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համատեղ և նվիրված ջանքերի արդյունքում։ Բայց մեր գլխավոր նպատակն է, որ այս մոդելները դառնան կայուն և աշխատեն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ Հայաստանի բոլոր համայնքներում։


Սիրելի՛ երիտասարդներ, օգտագործե՛ք այս հարթակը։


Մենք այստեղ ենք ձեզ լսելու և ձեր գաղափարները գործնական մեխանիզմների վերածելու համար։ Մենք ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ դուք ոչ թե ուղղակի տեսնում եք փոփոխությունները, այլ հենց դո՛ւք այդ փոփոխությունների հեղինակն եք։


Շնորհակալություն և հուսով եմ, որ մեկ տարի անց մենք նորից կհավաքվենք այստեղ, կամփոփենք, ձեռքբերումները կարձանագրենք, խնդիրները կլուծենք, նոր առաջարկները կընդունենք և առաջ կգնանք»։


Այս նախաձեռնությունը միտված է խթանելու առավել ներառական և թափանցիկ մասնակցային կառավարում տեղական մակարդակում՝ ապահովելով, որ երիտասարդներն իմաստալից մասնակցություն ունենան տեղական որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ մասնակցային բյուջետավորման և քաղաքացիական մասնակցության այլ գործընթացներում։ Նախաձեռնությունը կիրականացվի երիտասարդական կենտրոնների և ավագ դպրոցների միջոցով՝ զուգորդվելով իրազեկման բարձրացման միջոցառումներով, կարողությունների զարգացման դասընթացներով և առցանց ներգրավման գործիքներով։