«Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտն այսօր բանակցել են երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության շուրջ, քննարկել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի՝ ռուսական շուկա մատակարարումների ժամանակ պահանջների պահպանմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 

Բանակցությունների արդյունքներով՝ «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։


 

Ըստ ռուսական կողմի՝ նախնական ստուգումն ու ներմուծված ծիածանափայլ իշխանի վերաբերյալ նյութերի վերլուծությունը կասկածներ են առաջացրել արտադրանքի պատրաստման համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։


 

Բացի դրանից՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բուսասանիտարական տեսանկյունից անվտանգ հայկական արտադրանքի մատակարարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստուգումների անցկացումը նաև հայկական բուսաբուծական արտադրավայրերում. մտահոգություն է առաջացրել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճը։


 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք ուժեղացնել սահմանային պետական վերահսկողությունը՝ բուսասանիտարական ենթակահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերում տվյալ արտադրանքի արտահանումը/ներմուծումն արգելելու նպատակով: