Երիտասարդների ձայնը՝ որպես փոփոխությունների մեկնարկ․ հենց այս գաղափարով է մեկնարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր նախաձեռնությունը։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Ծրագրի երկրորդ մասնակիցը Տիգրան Գևորգյանն է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում, հետաքրքրված է ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով, բարձրաձայնում է դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին և խնդիրներին վերաբերող թեմաներ ու իր օրինակով նպաստում ներառական և իրազեկ հասարակության ձևավորմանը։
Տիգրանը մեկ օր անցկացրել է Պաշտպանի հաստատությունում՝ ներգրավվելով աշխատանքային գործընթացներին։
Պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նախաձեռնության կարևոր արդյունքներից մեկն այն է, որ երիտասարդներն իրենք սկսեն բացահայտել և բարձրաձայնել իրենց միջավայրում առկա խնդիրները՝ դառնալով փոփոխությունների նախաձեռնողներ։
Օրվա ընթացքում Տիգրանը մասնակցել է քննարկումների և հանդիպումների, ծանոթացել հաստատության աշխատանքին՝ տեղում տեսնելով, թե ինչպես են գաղափարները վերածվում գործնական քայլերի։
Նա նաև այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանդիպել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
«Եթե երիտասարդ ես, ակտիվ և պատրաստ ես պատասխանատվություն ստանձնել քո միջավայրում փոփոխություններ բերելու համար, ապա այս նախագիծը հենց քեզ համար է»,- այս ուղերձով ՄԻՊ-ը դիմում է բոլոր երիտասարդներին՝ ընդգծելով, որ հենց նրանք կարող են դառնալ հասարակական կարևոր փոփոխությունների շարժիչ ուժը։