Վաղը Հայաստանում կհնչի վերջին զանգը, և դպրոցները հանդիսավոր կերպով ճանապարհելու են իրենց շրջանավարտներին։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախապես շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և բարի ճանապարհ։
Նախարարի խոսքով՝ այս տարի հանրապետությունում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար։ Նա ընդգծեց, որ ՆԳՆ գործընկերների հետ իրականացվում է ակտիվ համագործակցություն, որպեսզի օրը անցնի տոնական տրամադրությամբ, խաղաղ և առանց միջադեպերի։
«Հուսով եմ, որ օրը կլինի իսկապես տոնական, լի դրական հույզերով և առանց որևէ անցանկալի դեպքի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին կատակով հավելել է. «Հուսով եմ, որ շուտով «Վերջին զանգ» միջոցառումն այլևս չի ասոցացվի ՆԳՆ-ի հետ»։