Էներգետիկ անցում և կանաչ տնտեսություն. Ռազմավարական առաջնահերթություններ և մարտահրավերներ

Կայուն զարգացումը և կանաչ տնտեսությունը ժամանակակից Հայաստանի համար ոչ միայն բնապահպանական, այլև էներգետիկ անվտանգության և տնտեսական կայունության հարց են: Հայաստանի ներկայիս մարտահրավերների պայմաններում առանցքային է դառնում այն, թե ինչպես է պետությունը ձևավորում կանաչ օրակարգը և ինչպիսի խոչընդոտների է բախվում մասնավոր հատվածն այդ ճանապարհին:


Պետական քաղաքականության մակարդակում կանաչ տնտեսության կարևորության մասին խոսելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները նշում են, որ վերջին տարիներին ձևավորվել է համապարփակ քաղաքական շրջանակ։ 2025 թվականի նոյեմբերի 12-ին ընդունվել է «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական օգուտների ստացմանը՝ միաժամանակ արձագանքելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության հետևանքներին։


«Կառավարությունը կարևորում է ներդրումների ուղղումը էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ցածր ածխածնային տրանսպորտի խթանմանը: Որպես թափանցիկության երաշխիք՝ 2025 թվականի հունիսին ներդրվել է կանաչ տաքսոնոմիան՝ ծրագրերի դասակարգման միասնական համակարգը,- նշում է նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:


Փորձագետ Տիգրան Մկրտչյանը էներգետիկ անցման դերը դիտարկում է երկրի անվտանգության տեսանկյունից: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանը չունի հանածո վառելիքի պաշարներ, էներգետիկ անվտանգության խնդիրը շատ սուր է դրված:



«Վերականգնվող էներգիան Հայաստանի ապագայի համար շատ կարևոր է, սակայն այս ամենին պետք է վերաբերվել զգուշավոր լավատեսությամբ»,- շեշտում է Մկրտչյանը, և զգուշացնում՝ կանաչ տեխնոլոգիաները նույնպես զերծ չեն բացասական ազդեցությունից, օրինակ՝ արևային պանելների չվերամշակվող կոշտ թափոնները կարող են «ծանր ազդեցություն» ունենալ շրջակա միջավայրի վրա, եթե անկառավարելիորեն նետվեն բնության մեջ:



Չնայած պետական կառույցները խոսում են ռազմավարությունների մասին, սակայն կան մարտահրավերներ, որոնցից գլխավորը ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելն է և տեխնոլոգիական լուծումների բարձր արժեքը:


Տիգրան Մկրտչյանի դիտարկմամբ՝ նախնական ներդրումների մեծ ծավալը կանաչ էներգիան անհասանելի է դարձնում հատկապես աղքատ կամ գյուղական տնտեսությունների համար: Բացի այդ, առկա են տեխնիկական խնդիրներ՝ տանիքների անհամապատասխանություն և էլեկտրականցանցերի թույլ հզորություն: Այնուամենայնիվ, փորձագետը նկատում է դրական տեղաշարժ հանրային մտածելակերպում։


«Շրջակա միջավայրի պատասխանատու վերաբերմունքը, որ նախկինում ընկալվում էր որպես էքսցենտրիկ գաղափար, հիմա հատկապես երիտասարդության մոտ դրսևորվում է՝ որպես սոցիալական պատասխանատվություն»:


Ի վերջո, բոլոր տեսակետները հատվում են մեկ առանցքային կետում. Կանաչ անցումը ոչ թե պարզապես տեսական նպատակ է, այլ համակարգված աշխատանք, որտեղ օրենսդրական բարեփոխումները, միջազգային աջակցությունը և հանրային գիտակցությունը պետք է գործեն սինխրոն:

 


Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future Նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։


Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Էրիկ Մանուկյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան: