Դատարանը Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք. Գալեյանը կալանավորվել էր, քանի որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա էր հայտնաբերվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  քիչ առաջ հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝  Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, դատարանը կիրառեց տնային կալանք երկու ամիս ժամկետով՝ համակցված գրավով։ Գրավի չափը  2 մլն դրամ է։ Դատարանի դահլիճից ազատ արձակելով  Գալեյանին՝ դատավորը նշեց, որ վերջինս այսօրվանից սկսած չի կարող լքել իր բնակության վայրը։  Դատարանի բակում արդեն  Գագիկ Գալեյանը նշեց, որ իր համար անսպասելի էր իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը։   

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Մեկ օր անց  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝  Գալեյանի մոտ 3 փաթեթ մարիխուանա էր հայտնաբերվել, Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական վարույթը միացվել է ավելի վաղ նրա առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթին, որը նախաձեռնվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։  

Գ. Գալեյանը «Որդիների կանչ»  ՀԿ անդամ է և աչքի է ընկել ՀՀ իշխանության հասցեին հայհոյախառն, սպառնալիք պարունակող  հայտարարություններով։