Մենք երկու կարևոր նախադեպային որոշում ենք կայացրել, կապված դատավորներ Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական պատասխանատվության հետ․ Գագիկ Ջհանգիրյան
«ԲԴԽ-ն լուրջ մասնակցություն է ունեցել, եթե չասեմ գլխավոր նախաձեռնողն ու հեղինակն է եղել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեծ փաթեթի լրամշակման, որը հիմա վիճարկվում է ՍԴ-ում և ցավոք այդ լրամշակման տարբերակը դարձավ քաղաքական ուղղորդված իրավական իրավաբանական լսարանի սուր քննարկման առարկա և արդյունքում նախագահն ուղարկեց ՍԴ, սպասենք տեսնենք ինչ է որոշում ՍԴ-ն, այդ նախագծի հետ կապված»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահի ժամանակվոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Խոսելով իրենց համար մեկ այլ կարևոր խնդրի մասին՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դա, որպես դատարան, Արդարադատության խորհրդի գործունեությունն է, և իրենք, որպես դատարան գործելիս, երկու կարևոր նախադեպային որոշում են կայացրել, կապված դատավորներ Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական պատասխանատվության հետ և այդ որոշումները վերաբերում են մինչդատական վարույթում դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի և մեղքի հարցերի, դատական վերահսկողության և դատախազական հսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին, և այլն։
«Այդ որոշումները մենք ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ո՛չ թե պատժել, ո՛չ թե կարգապահական պատասխանատվության ենթարկել այդպիսի սխալներ թույլ տված դատավորներին, այլ՝ նախևառաջ կանխել նման վարքագիծը, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը խստագույնս սահամանազատվեն միմյանցից և այդպիսի միջնորդություններ քննող դատավորները առաջիկայում նման չարաշահումներից ձեռնպահ մնան»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։