ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք շատ ակտիվ շարունակում են համագործակցությունը միջազգային կառույցների հետ և հիմնական նպատակն այն է, որպեսզի էլեկտրոնային արդարադատության համակարգ ներդրվի։
«Նաև արխիվային բոլոր գործերի թվայնացաում կկատարվի, որպեսզի կարողանան հեշտությամբ ցանկացած քաղաքացի և դատավարության կողմ հեշտությամբ օգտվի արխիվներից, արխիվային թվային նյութերից, ինչպես նաև դատավորների գործունեության մոնիթորինգ իրականցվի, ծրագրային եղանակով և նաև քրեական ու քաղաքացիական գործերի բաշխման նոր համակարգ ենք ուզում ներդնել»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Խոսելով ավտոմատ եղանակով մակագրման համակարգի մասին՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը նաև խորհրդի որոշմամբ ընդունել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին և փորձել է պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ, այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու և այդ գործընթացը նորից վերսկսելու համար, իրեն հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ և նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։
«Որովհետև իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասեցին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետևաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա, այնպես որ, ես այսօր չեմ կարող ասել, թե դա ինչքան կտևի, բայց զուգահեռ ես ասեցի, որ մենք USAID-ի հետ բանակցում ենք նոր ծրագրի համար։
Ավելին ասեմ, այդ ծրագրից դժգոհությունները շատ շատ էին։ Եվ պետք է մի բան էլ ասեմ, որ ինձ զեկուցվել է, որ այդ ծրագիրն իր մեջ հնարավորություն է նախատեսում ծրագրային մակարդակով դրսից միջամտության համար, ինչն ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլ նաև խիստ ռիսկային ու քրեորեն պատժելի, եթե ծրագիրն ի սկզբանե իր մեջ հնարավորություն է նախատեսում դրսից արհեստականորեն միջամտության համար»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։