Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։


Նա Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։


Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվել, որ որոնվող քաղաքացին է, ինչից հետո Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտեցել է, որպեսզի դին տեղափոխի ափ։


Հիշեցնենք՝ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում՝ գետի մեջ, դի է նկատվում։ Ժամը 12։03-ին ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Ըստ նախնական տվյալների՝ Փամբակ գետում հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։


Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։ Մեքենայում եղած մեկ այլ տղամարդու մարմինը շուրջ 2 օր է՝ որոնվում էր. ըստ տեղեկությունների՝ նա վարորդն էր: