Կես տարում 8.4 միլիոն ծառայություն․ ինչ արդյունքներ է գրանցել առողջության ապահովագրությունը

Հունվարի 1-ից մինչ օրս առողջության ապահովագրության շահառուների թիվն աճել է՝ դառնալով շուրջ 1 միլիոն 700 000։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2027 թվականի հունվարի մեկից առողջության ապահովագրությանը միանալու են նոր խմբեր՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, արդեն անկախ աշխատավարձի չափից՝ բոլոր գրանցված աշխատողները։


 «Այս 1 միլիոն 700 000-ից ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ։ Սա բավականին մեծ թիվ է, ինչը նշանակում է թե կանխարգելիչ, թե՛ սկրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ծառայություններ։ Հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավականին մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8 միլիոն 399 հազար 491 է»,- ասաց նախարարը։


Նախարարը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել, սրտանոթային վիրաբուժության՝ 13 203, որը բավականին մեծ ծավալ է։ Սրա մեջ մտնում է թե՛ ստենտավորումը, թե՛ սրտի բաց վիրահատությունը, ռիթմավարների տեղադրումը։


«Եվ շատ երկար տարիներ կուտակված խնդիրներով մեր քաղաքացիներն առաջին անգամ հնարավորություն ունեն ստանալու այս վիրահատությունները, որովհետև գիտեք, դրանք բավականին թանկ վիրահատություններ են։ Էնդովասկուլյար վիրաբուժություն՝ 577 ծառայություն է մատուցված, ուռուցքաբանության ծառայություններ, սրանց մեջ մտնում են վիրահատականհ բուժումները՝ 6543։ 12 000-ից ավելի դեպքեր ենք ունեցել միայն դեղորայքային քիմիաթերապիայի մասով։ Գիտեք, որ մեզ մոտ դեղերի փաթեթի առումով բավականին ընդլայնում ունեցանք՝ ապահովագրության շրջանակներում։ Եթե նախկինում պետպատվերի առավելագույն չափը 300 000 դրամ էր, հիմա այն դարձել է 1 միլիոն 200 000 դրամ՝ ապահովագրության շրջանակներում»,- նշեց նախարարը։


Խոսելով նաև բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման չափերի մասին՝  նախարարն ասաց, որ առաջին երկու ամիսներին աշխատելաոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, և ժամանակ պահանջվեց, որ նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները, և այս պահին աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունեն։


Սա իհարկե, ըստ նախարարի, իրենց երազած չափը չէ, բայց միայն ապահովագրման ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձի միջինում 30-40 տոկոսի աճ ունեն։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան