Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին

Հունիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։


Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։


Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։


ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում, և ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։


Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։


Սուլխան Թամազաշվիլին, ի նշան բարեկամության, Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։