ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում իրականացվող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով կազմակերպվել է իրազեկում-հանդիպում Երևանի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ։
ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով, որ շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման, ինժեներական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև գետնանցումների վերանորոգման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել բնապահպանական նորմերն ու պահանջները։
Խորհրդակցության ընթացքում ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը և Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպել համատեղ վերահսկողական միջոցառումներ։
Նախատեսվող թիրախային ստուգայցերի նպատակն է բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը, կանխարգելել փոշու արտանետումները, ապահովել իրավախախտումների վաղաժամ բացահայտումը և խթանել տնտեսավարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների լիարժեք կատարումը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել հետևողական վերահսկողություն՝ նպաստելով Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի բարելավմանը։