18 000 անձ զրկվել է վարորդական իրավունքից. Պետությունը ձեռք է մեկնում վարորդներին

Վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխություններն այսօրվանից մտել են ուժի մեջ։


Օրենքի շահառու են հանդիսանալու այն մարդիկ, որոնք վարելու իրավունքից զրկվել են ՀՀ ոստիկանության կողմից կայացված և ուժի մեջ մտած վարչական ակտով: Երկրորդ շատ կարևոր նախապայմանն այն է, որ վարելու այդ իրավունքը անձին պետք է տրամադրված լինի ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Հիշեցնենք, որ մինչ այս փոփոխությունները, վարորդական իրավունքից զրկված վարորները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վերականգնել վարելու իրենց իրավունքը։ Մայիսի կեսերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ, որ վարորդական իրավունքները կվերադարձվեն, բայց որոշակի պայմաններով:


«Զրկման ժամկետն  ավարտվելուց հետո մեկ տարվա ընթացքում անձը կարող է դիմել, վճարել համապատասխան տուրք, որը սահմանված է 50 000 դրամի չափով, և այս պարագայում առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը վերականգնվում է, սահմանվում է մեկ տարվա փորձաշրջան՝ սկսած վերականգնման օրվանից, և 13 միավորի փոխարեն անձին տրամադրվում է 6 միավոր»,- ասաց  ՆԳՆ  իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։


Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ ներկայացնելով օրենքի անցումային դրույթը՝ ասաց, որ օրենքի կարգավորումները կտարածվեն նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի մեկը զրկված անձինք չեն կարող օգտվել այս իրավունքից։


«Ինչով է պայմանավորված հենց 2020 թվականի հունվարի 1-ը ընտրելը և օրենքի նախագծով ներկայացնելը ԱԺ-ի քննարկմանը. դա այն ամսաթիվն է, երբ ՀՀ-ում ներդրվել է տուգանային միավորների համակարգը։ 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք, որոնց զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև այսօր, հուլիսի վեցից սկսած՝ մեկ տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում և վերականգնել վարելու իրենց իրավունքը»,- ասաց Արման Չիլինգարյանը։


Նշենք, որ այս հնարավորությունից անձը կարող է օգտվել բացառապես մեկ անգամ։  


Իսկ այս պահին օրենքի պոտենցիալ շահառուների թիվը մոտ 18 000 է, իսկ զրկումների քանակի գերակշիռ մասը վերաբերում է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքերին։


Ի հավելումն Ռուսլան Մարանդյանն ասաց, որ սա վարորդին պետության կողմից մեկնված ձեռք է, որպեսզի վարորդներն այդ փորձաշրջանի ընթացքը համարեն ինքնադրսևորման և վստահության ապացուցման մի շրջան։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան