Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:


ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:


Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի Սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են: Խուզարկություններն ավարտվել են նաև «Օլիմպավան»-ում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի Սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության: Ձերբակալվածներ այս պահի դրությամբ չկան:


Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ: