Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարեց նրա պաշտպանների միջնորդությունը և փոխեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելը: Երկրից բացակայելու արգելքը Հրանտ Բագրատյանի նկատմամբ վերացվեց։
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ նա բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր, այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը հայտարարել է․ «Մենք գործ ունենք քաղաքական գործչի հետ, որն այդ օրը ելույթ է ունեցել հրապարակում և մենք բոլորս էլ գիտենք, որ քաղաքական գործիչներն իրենց խոսքում շատ են օգտագործում այլաբանություններ, համեմատություններ՝ խոսքն ավելի զգայական դարձնելու, ավելի ընկալելի դարձնելու, մարդկանց համոզմունք ձևավորելու համար։ Եվ, բնականաբար, արտահայտչական հնարքները, որոնք օգտագործվում են, թույալտրելի են և պաշտպանվում են և՛ Սահմանադրությամբ, և՛ Եվրոպական կոնվենցվիայով։ Պետք չի կարծել, որ հրապարակային խոսքը պետք է լինի միայն անշառ խոսք, միայն բարեհաճորեն ընկալվող խոսք, դա կարող է լինել նաև սուր խոսք, կարող է որոշակի սադրանքի էլեմենտներ պարունակել, դա կարող է նաև վիրավորանքի տարրեր պարունակել։ Բայց միևնույնն է, այս խոսքը նույնպես պաշտպանվում է»։
Լրագրողների հետ զրուցել է նաև Հրանտ Բագրատյանը և նշել, որ մեղադրող կողմը բռնության կոչ է հասկանում այն, որ ինքն ասել է՝ «վերացրեք այդ մարդուն»՝ նկատի ունենալով իշխանությանը, Փաշինյանին, և ըստ նախկին վարչապետի տրամաբանության՝ վերացնել բառը բռնություն չի նշանակում, վերացնել բառը օգտագործվել է հեռացնելու, դադարեցնելու իմաստով։
«Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ Իդեպ, ելույթը նվիրված էր՝ «Արի Ղարաբաղը ճանաչի, էգուց կորցնելու ենք, վեց ամիս հետո կորցրեցինք Ղարաբաղը։ Լավ եմ արել ասել եմ, բա ի՞նչ պտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում»,-ասել խրոխտ հայտարարել է մեղադրյալ Հրանտ Բագրատյանը։